Արցախի հերոս, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ), որոշել է պայքարել հայրենի Ծաղկահովտի համայնքապետի պաշտոնի համար։ Գյուղացիների մի մասը մեծ ոգևորությամբ են ընդունել այս լուրը և պատրաստվում են անպայման աջակցել Արայիկին:
Արայիկ Խանդոյանը, ինչպես գիտենք, «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ է, իսկ այդ կառույցը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, միշտ դեմ է եղել ընտրություններով իշխանության դեմ պայքարելուն:
Երեկ Ալեք Ենիգոմշյանը կարծիք է հայտնել Խանդոյանի այս որոշման մասին՝ հորդորելով «Միայնակ գայլ»-ին հանել անունը ընտրական ցուցակից և չմասնակցել այդ ընտրություններին: Ենիգոմշյանը համոզված է, որ իրենց թիմի մյուս անդամները ևս դեմ կլինեն դրան:
Ենիգոմշյանի խոսքով՝ նրանք ոչ թե ընտրություններին չեն հավատում, այլ՝ այս իշխանության օրոք, այս իշխանության ընտրություններին չեն վստահում: Շարունակելով ծանոթանալ Ենիգոմշյանի խոսքերին, հասկանում ենք, որ իրենք ոչինչ չունեն Արայիկ Խանդոյանի դեմ, նա շարունակում է մնալ իրենց ընկերը ու ամենաազնիվ մարդկանցից մեկը, բայց միևնույն ժամանակ չեն սատարելու նրան ընտրությունների ժամանակ....:
Այս ամենը փաստում է, որ խառնվել է «Հիմնադիր Խորհրդարան» – «Սասնա ծռեր» հարաբերությունները: Այն ժամանակ, երբ գունդը դեռ նոր էր գրավված ու Ծռերը ցանկանում էին խոսել Ժիրայր Սեֆիլյանի հետ, վերջինս հայտարարություն տարածեց, որտեղ հասկացնում էր «Սասնա ծռերին», որ իրենք են իրենց գլխի տերը, թող վարվեն այնպես, ինչպես ճիշտ են համարում:
Սակայն, արդեն վերջին օրը, երբ Սեֆիլյանը հայտարարություն տարածեց, որ ոչ մի դեպքում Ծռերը զենքը վայր չդնեն, կես ժամ անց նրանք որոշեցին զենքերը վայր դնել: Երևի հենց այստեղից խորացան տարաձայնությունները, այլապես այսքան իրար հակադարձող դեպքեր շատ դժվար է պատկերացնել:
Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կարծես ամեն կողմը ցանկանում է իր դերն ավելի շատ արտահայտել: Ամեն մեկը ցանկանում է սեփական պայքարը տանել իսկ միահամուռ գործողությունները մնացին անցյալում: Այս ամենին գումարվում է նաև «Սասնա ծռեր»-ի հետ եղած երիտասարդների խոստովանության ձայնագրությունները, որ նրանց մի մասը նույնիսկ չեն իմացել ուր են գնում և ինչի համար:
Այսօրվա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են , որ Խանդոյանը դեռ իր թղթերը ետ չի վերցրել և մասնակցում է ընտրություններին: Նա ընտրություններին մասնակցելով ցույց կտա, որ այլևս չի հետևում «Հիմնադիր Խորհրդարան»-ի գաղափարներին ու սեփական պայքարն է սկսում իշխանության դեմ: Այդ դեպքում արդեն հարց է , թե քանի հոգի կպաշտպանի Խանդոյանի տեսակետը ու կգնա նրա հետևից: Միայն պարզ է այն, որ Ժիրայր Սեֆիլյանը իր թիմի հետ, հաստատ չի սատարի նրան ընտրությունների ժամանակ:
Ինչևէ, սրա մասին դեռ չի արձագանքել Սեֆիլյանը, սակայն Ենիգոմշյանի խոսքերը հստակ բնությագրում են իրենց վերաբերմունքն այդ հարցի շուրջ:
Ստացվում է՝ Միայնակը միայնակ է մնում ու խաղում, միգուցե, արդեն ուրիշի խաղի կանոններով։
Անի Սահակյան