Նախօրեին ուշադրությամբ հետևում էի վարչապետափոխության գործընթացին՝ փորձելով հասկանալ դրա իրական կամ թաքնված մոտիվները: Անկեղծ լինելու համար չեմ հերքի, որսեպտեմբերի ութի իրադարձությունը որոշակի պատմականություն իր մեջ պարունակում է: Գոնե այն իմաստով, որ համապարփակ ճգնաժամի մեջ հայտնված երկիրը ելքերի անհրաժեշտություն ունի, և այդ ֆոնին անկարևոր չէ, թե ով և ինչ ծրագրով է նշանակվում վարչապետ: Մեր երկրում նման մի վիճակ ստեղծվել էր ուղիղ քսան տարի առաջ՝ 1996-ի աշնանը: Նոր ավարտված նախագահական վիճահարույց ընտրություններն ու զարգացումները ԼՂՀ կարգավորման գործընթացում հարուցել էին իշխանության ճգնաժամ:

 

Պատմաբանի իմ փորձառությունը հուշում է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի մասին մտածել է իր երկրորդ նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրը՝ չցանկանալով դառնալ իր իսկ ստեղծած ռազմական, ուժային էլիտայի պատանդը: Այնուամենայնիվ Տեր-Պետրոսյանն այդ ընտրություններից հետո Հայաստան բերեց և վարչապետի պաշտոնում նշանակեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին, ով համակարգի մարդ չէր ու որոշակի հեղինակություն էր վայելում արևմտյան փորձագիտական շրջանակներում:

 

Սարգսյանը պետք է փորձեր քաղաքակրթել ընտրակեղծարարության միջով անցած Հայաստանի իշխանությունը: Դրա համար նա պետք է հաղթեր ուժային նախարարներով, ռազմական վերնախավով ամրապնդված համակարգին ու, ըստ էության, դառնար իշխանության ժառանգորդ: Սարգսյանի և համակարգի խուլ առճակատումը վեց ամիս տևեց՝ ավարտվելով վարչապետի անփառունակ քաղաքական ֆիասկոյով: 

 

Արդեն 1997-ի գարնանը Տեր-Պետրոյսանն իր «վրեժը» լուծեց հայաստանյան էլիտայից, հասարակությունից՝ ժառանգություն ձևակերպելով Ռոբերտ Քոչարյանի ասիական կերպարով:


Քաղաքական ճգնաժամն ու արտաքին մարտահրավերներն են ստիպելոր գործող նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակի Մոսկվայից հրավիրված Կարեն Կարապետյանին: Վերջինս հմուտ մենեջեր է ու դարձյալ իշխանության այլանդակ դեմքը քաղաքակրթելու խնդիր ունի:


Սակայն, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Ս. Սարգսյանը որևէ տեղ հեռանալու մտադրություն չունի և պատրաստվում է սեփական իշխանության վերարտադրությանը: Կ. Կարապետյանի գործոնը խաղարկվում է հենց այս համատեքստում:

 

Սակայն Հայաստանի նոր վարչապետը իշխանությունը կարող է քաղաքակրթել, եթե պատերազմ հայտարարի դրա հենարաններից մեկին՝ քրեաօլիգարխիային:

 

Առանց նման քայլի Կարապետյանը կրկնելու է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ձախողված ուղին:


Մյուս կողմից, եթե Կ. Կարապետյանը կարողանա քրեաօլիգարխիային հակադրել նոր Հայաստանի տեսլականն ու համակարգը, նրա մոտ կարող են առաջանալ քաղաքական հավակնություններ, որոնք ներիշխանական պայքարի կհանգեցնեն 2018-ին:

 

Ու սա անկախ այն հանգամանքից, թե այսօր ինչ են պայամանավորվել Ս. Սագսյանն ու Կ. Կարապետյանը:

«Մարդկության պատմության մեջ հազարավոր օրինակներ կան, երբ որ կատարվում է ինչ-որ քայլ, իսկ հետո նշանակվածը վարում է այն քաղաքականությունը, որն այնքան էլ չեր սպասում նշանակող ուժը կամ նա իր կորեկցիաներն է մտցնում այդ քաղաքականության մեջ»,- ասել է հայկական քաղաքականության փորձառուներից մեկը՝ Աշոտ Մանուչարյանը:

 

Սա այն դեպքն է, երբ դժվար է նրա հետ չհամաձայնելը:


Սարգիս Հակոբյան