«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ներկա էին փառատոնի մասնակից խմբերի ղեկավարները (Լատվիայից, Բուլղարիայից, ևս երկու խմբի ղեկավար՝ Իրանից), գլխավոր կազմակերպիչ Հասմիկ Բաղդասարյանը, ով խոսեց փառատոնի, մասնակիցների և ընթացիկ համերգների մասին:
Մամուլի ասուլիսի ժամանակ ներկա էր նաև «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը, ով նշեց, որ Միությունը հանդիսանում է փառատոնի աջակիցը և հնարավոր բոլոր միջոցները չի խնայում, որպեսզի սատար կանգնի այս մշակութային երկխոսությանը:
Նշենք, որ «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-18-ն անցկացնում է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» հինգերորդ միջազգային ֆոլկլորային փառատոնը:
«Նարեկացի» արվեստի միությունը հանդիսանում է փառատոնի գործընկերը, և գալա համերգին ելույթ կունենա նաև «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը:
«Ավանդական դարձած միջազգային ֆոլկլորային փառատոնի նպատակը կատարողական արվեստի պահպանումն ու միջազգային մշակութային երկխոսության խթանումն է, ինչպես նաև ավանդույթների պահպանումը,- իր խոսքում նշեց փառատոնի կազմակերպիչ Հասմիկ Բաղդասարյանը: - Համերգներ և ցուցահանդես ենք ունեցել Բյուրականում, Գյումրիում: Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում կլինի բաց դաս-համերգ, այնուհետև վաղը՝ սեպտեմբերի 17-ին, ազգային ուտեստների ներկայացում Աշտարակում և սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան»-ի անվան դահլիճում տեղի կունենա փառատոնի գալա համերգը»,-իր խոսքը եզրափակեց փառատոնի գլխավոր կազմակերպիչը:
Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին Հայաստանում: Նրանք ուրախ էին նման հնարավորության և իրենց ավանդույթները փոխանցել կարողանալու համար: