Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Ազգային հերոսի կոչում այդպես էլ չշնորհվեց, չնայած որ Պաշտպանության նախարարության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Ուրֆանյանի մորը նման խոստումներ էին տվել։

 

ԼՈՒՐԵՐ.com-ը բազմիցս անդրադարձել է այս հարցին։ Մինչև այսօր հստակ հայտնի չէ, թե Արմենակ Ուրֆանյանը պատերազմի ժամանակ իրականում ինչպես է զոհվել, և դրա միակ մեղավորն ու պատասխանատուն ՊՆ է։ Պատերազմի օրերին նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաշտի հրամանատար Արմենակ Ուրֆանյանն իր մոտ եղած վերջին նռնակով պայթեցրել է իրեն ու հակառակորդի տասնյակ զինվորների։ Կարճ ժամանակ անց ներկայացվեց այլ սցենար. ըստ այդմ՝ Ուրֆանյանի զինվորիներից Ռոբերտ Աբաջյանը, ով Արցախի հերոս է, իրեն պայթեցրել է գերի չընկնելու համար, իսկ Ուրֆանյանն ու զինվոր Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից։ Քյարամ Սլոյանի հայրը մինչև այսօր տարբեր հարցազրույցներում ասում է՝ հստակ չգիտեն, թե ինչպես են մահացել Արմենակն ու Քյարամը։


Կասկածից վեր է, որ ապրիլյան պատերազմում իրենց ամենաթանկը՝ կյանքը, նվիրաբերած հայորդիները՝ անկախ մեդալից ու շքանշանից, հերոսներ են։ Նրանք հերոսներ են հայ ժողովրդի համար, նրանք հերոսներ են իրենց մայրերի, քույրերի, երեխաների համար։ Անձնվիրաբար պայքարելու ու կյանքը զոհելու ժամանակ, նրանք, վստահաբար, չէին մտածում հետագայում ինչ-որ մեկից մեդալներ ստանալու կամ Ազգային հերոս լինելու մասին։ Նրանց հերոսության վկայությունն է այն, որ այսօր մենք հարաբերական հանգստություն ունենք, ապրում ենք ու շնորհակալ լինում իրենց այդ կյանքի համար։ 

 

Սակայն, չենք կարող չխոստովանել, որ ցանկացած ծնողի համար իր որդու սխրանքի՝ ըստ արժանվույն գնահատականը ինչ-որ ձևով սփոփում է վիշտը, որդեկորույս մորը ստիպում է ապրել, ապրել հանուն իր հերոսացած որդու, հանուն այն հողի, որի համար տասնյակ երիտասարդներ կյանք են տվել։

 

Ապրիլյան պատերազմի հերոսներից Արմենակ Ուրֆանյանի մայրը մինչև այսօր սպասում է, որ իր որդուն Ազգային հերոսի կոչում կտան, ինչպես խոստացել էին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը այցելել էր ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների՝ Բենիամին Եղոյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սարգիս Սահակյանի և Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքներ, զրուցել նրանց հետ։ Ուրֆանյանի մոր տեղեկացմամբ՝ Օհանյանը չի խոսել այդ մասին։ Սակայն, տիկին Համեստը նախարարին հարցադրումներ է արել՝ ինչու իր որդուն ՀՀ ազգային հերոսի կոչում չեն տալիս, ինչ խնդիր կա, ինչու է խեղաթյուրվել նրա մահվան հանգամանքերը, ինչ են թաքցնում իրենից և այլն։Տիկին Համեստի խոսքով՝ նախարարի տեղակալն իրեն ասել է, որ առաջիկայում քննարկելու են հունվարի 28-ին Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում տալու հարցը։


Բազմից հրապարակել ենք, որ Արմենակի մայրը չի հավատում այն պնդումներին, թե իր որդին մահացել է արկի պայթյունից, քանի որ նա տեսել է իր որդուն դիահերձարանում, և, իր պնդմամբ, գիտի, թե ինչ վնասվածքներ է ստացել Արմենակը, իսկ իր տեսածն ու Պաշտպանության նախարարության ներկայացրածները իրար չեն համապատասխանում։ 

 

Հերոսի մայրը վստահեցնում է՝ մինչև վերջ պայքարելու է, որ իր որդուն Ազգային հերոսի կոչում տրվի ու առհասարակ, ազգային հերոսի կոչում պետք է տրվեր շատ ու շատ զինվորների, ովքեր ապրիլին զոհվեցին, որ այդ նույն չինովնիկները կարողանան այսօր ապրել։

Իսկ Արմենակն իր ողջ կյանքն է նվիրել հայրենիքի պաշտպանությանը։ Տիկին Համեստը համոզմունք ունի, որ Ազգային հերոսի կոչման շնորհման հարցը քաղաքական ենթատեքստ ունի, ինչ-որ թաքնված հանգամանքներ կան, որոնք չեն բարձրաձայնվում։ Նրա համար առնվազն տարօրինակ է, որ իր երկրի իշխանավորները չեն ցանկանում մերօրյա ազգային հերոսներ ունենալ։ Այդքանով հանդերձ՝ նա հույսը չի կորցնում, որ իր որդուն ու նրա նման հերոս տղաներին ազգային հերոսի կոչում կշնորհվի, թեկուզ տարիներ հետո, ինչպես եղավ Թաթուլ Կրպեյանի, Մովսես Գորգիսյանի, Յուրա Պողոսյանի, Վիտյա Այվազյանի դեպքում։ 

Իսկ թե ինչ թաքնված ու չերևացող պատճառներ կան, այս պահին դժվար է ասել։ Չենք ցանկանում շատ խորանալ և ներկայացնել այնպիսի տեսակետներ, որոնք միգուցե և հետագայում պարզվի, որ ճիշտ չեն։ Մի բան հստակ է՝ Արմենակ Ուրֆանյանի մայրը մինչև վերջ պայքարելու է։ Նա այժմ սպասում է իր որդու՝ դիահերձարանում արված լուսանկարներին, որը Դավիթ Տոնոյանը խոստացել է տրամադրել այն բանից հետո միայն, երբ մայրը սպառնացել է արտաշիրիմում անել ու ապացուցել, թե իր որդին ինչպես է մահացել։ Դրանից հետո շատ հանգամանքներ ի հայտ կգան։ Ինչպես ասում է Գագիկ Գինոսյանը՝ պալատական որոշումներով չեն տրվում հերոսի կոչումներ: Հերոսի կոչումը բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, իսկ կնիքն այդ որոշման տակ տալիս է.

«Պալատներն իրական հերոսներին կոչում շնորհելով ընդամենն իրենց գործունեությունն են սրբագրում՝ արդարացնելով իրենց լինելիությունը ժողովրդի առջև... Արմենակ Ուրֆանյանն էլ, ինչպես Լեոնիդ Ազգալդյանը, Սիմոն Աչիկգյոզյանն ու էլի շատ հերոսներ չարժանացան հերոսի կոչման։ Միայն Նիկոլայ Ռիժկովն է այս իշխանությունների հերոսը»։

Քրիստինա Աղալարյան