Սահմանային լարվածությունը մեզ համար նորություն չէ, և Ադրբեջանն իր այդ քայլով փորձում է իր հասարակությանն իրականությունից շեղել:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարվածությանն ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն, ում համոզմամբ՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ լայնածավալ պատերազմական գործողությունների:

 

«Ամեն ինչ մենք պետք է դիտարկենք համեմատության կարգով, որովհետև Ադրբեջանը միշտ էլ նման դեստրուկտիվ քաղաքականություն վարել է: Այսօր էլ որևէ հատուկ զարգացում տեղի չի ունենում»,- ասաց նա՝ հավելելով, որ ապակառուցողական քաղաքականությունը բխում է նաև Ադրբեջանի էությունից: «Այդ պետությունն իր էությամբ ֆաշիստական ու ահաբեկչական է, իսկ ագրեսիվ քաղաքականությունը՝ որդեգրած ուղին»:

 

Դավիթ Բաբայանը չբացառեց լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը, բայց չի կարծում, թե Ադրբեջանն այս պահին կգնա այդպիսի քայլի. «Այդ վտանգը միշտ էլ եղել է ու կա, և մենք միշտ էլ պատրաստ ենք, բայց լայնածավալ գործողություններին նախևառաջ պատրաստ չէ Ադրբեջանը, որը վայնասուն բարձրացրեց ցուցադրված Իսկանդերի համար: Քառօրյա պատերազմում նա ունեցավ թե՛ մարդկային, և թե՛ զինտեխնիկայի հսկայական կորուստներ, իսկ ձախողված բլիցկրիգն ու ջախջախիչ պարտությունը նրան հնարավորություն չեն տա նոր գործողություններ վերսկսել: Այդպիսի հետևանքները մարսելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի»,- հավելեց նա:

 

ԼՂՀ նախագահի խոսնակը նկատեց նաև, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ թիրախավորվելու են նրա բոլոր քաղաքներն ու գյուղերը, բայց, այդուհանդերձ, չի էլ ցանկանում կոտրվել և այդ վախի հետ մեկտեղ իր ահաբեկչական գործողությունները դադարեցնել: «Ակնհայտ է, որ այդ պետությունը թևակոխել է սոցիալ-տնտեսական ծանր փուլ, որտեղ գերիշխում է աղքատությունը: Նույնիսկ կրճատվել են ռազմական ծախսերը: Օր օրի հասարակության վիճակը վատթարանում է, իսկ գերհարուստների ու միլիարդատերերի ցուցակը, որը գլխավորում է Ալիևը, հսկայական հարստություն է կուտակում երկրից դուրս: Իսկ այս ֆոնին՝ կեղծված ալիևաքվեն (հանրաքվե) փաստում է մեկ բան. կրտսեր Ալիևը դե յուրե ստեղծված խանությունը ուզում է դարձնել դե ֆակտո: Այս ամենի հետևանքը չի բացառվում լինի ադրբեջանական աշունը, և բնականաբար, հանրության ուշադրության շեղելու համար, Ալիևը դիմում է նման քայլերի»,- եզրափակեց նա: