Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը վերջապես հաստատեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, որը, պետք է նկատել, որ պատգամավորների կողմից հասցրեց արժանանալ ամենևին էլ ոչ միանշանակ գնահատականների. ոմանք այն համարում էին պարզապես բարի ցանկությունների մատյան, ոմանք' միանգամայն իրատեսական ծրագիր, ոմանց համար էլ, առհասարակ, էական չէր, թե ինչ է գրված ծրագրում:
Իհարկե, կարծել, թե այսքան ճանապարհ կտրել-անցնելուց հետո կառավարության ծրագիրը կարող էր Ազգային ժողովում մերժվել ու չեղարկվել, միամտություն կլիներ, քանի որ, ցավոք, նորություն չէ, որ Հայաստանում դեռևս քաղաքական համակարգն այդ աստիճան զարգացած չէ, իսկ ԱԺ-ն էլ, որպես ինքնուրույն կառույց, կայացած չէ, որպեսզի ասենք կարողանար անկախ կեցվածք ընդունել և չհաստատել այն, ինչը հավանության էր արժանացել նույն ՀՀԿ ԳՄ նիստում. պետք չէ մոռանալ, որ ներկայիս խորհդրարանը, մի շարք օբյեկտիվ ո սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, իշխանությունների պարզ կամակատարն է` դրանից բխող բոլոր տրամաբանական հետևանքներով հանդերձ:
Քվերակությունը, սակայն, ուշագրավ էր մեկ այլ բանով. ծրագիրն ընդունվեց կեղծիքներով, ու պատգամավորները, իրենց հին սովորության համաձայն, միմյանց փոխարեն կոճակ սեղմելով, ապահովեցին համապատասխան քվեներ` այն անցկացնելու համար: Իհարկե, ասել, թե Կարապետյանը մի քանի կոճակ ավել սեղմողների հույսին էր մնացել, ու եթե նրանք չլինեին, ապա ծրագիրը տապալվելու էր, հիմարություն կլիներ, բայց այստեղ առավել էականը մեկ այլ բան է. որոշ պատգամավորների` վաղուց վարկաբեկված մտածելակերպն է, կարծրացած այն վարքագիծy, երբ սրա-նրա փոխարեն քվեարկելով` օրենքներ են անցկացնում կամ տապալում. պետք չէր Կարեն Կարապետյանին արջի ծառայություն մատուցել:
Անշո՛ւշտ, ՀՀ կառավարության ծրագիրը միակ նախագիծը չէր, որի շուրջ ընթացող քվեարկության ժամանակ երեսփոխաններն իրենց թույլ էին տալիս նման բացահայտ ապօրինության դիմել, պարզապես առավել կարևոր քվեարկությունների ժամանակ այս արատավոր պրակտիկան շատ ավելի ցցուն կերպով է արտահայտվում ու աչքի ընկնում, քան`երկրորդական կարևորության իրադարձությունների. ուրիշի փոխարեն կոճակ սեղմելն ու այս կամ այն օրենքի շուրջ ընթացող քվեարկությունները կատարյալ ծաղրի վերածելը երկար տարիների պատմություն ունի հայրենի խորհրդարանում, ինչը վկայում է այն մասին, որ երեսփոխաններից շատերը չեն էլ գիտակցում իրենց առաքելության կարևորությունը (պատգամավոր լինելը նախևատաջ առաքելություն է), ինչը վարկաբեկում է ոչ այնքան այդ մարդկանց, որքան օրենսդիր մարմինն` առհասարակ:
Կասկած լինել չի կարող այն բանում, որ եթե առաջիկա ԱԺ ընտրություններն անցկացվեն այն նույն ոգով, որով անցել են նախորդները, մենք որակական որևիցե փոփոխություն չենք արձանագրելու. ավագները վաղուց սպառել են իրենց` քաղաքական դաշտում ունեցած պոտենցիալը, ինչը նշանակում է, որ իրականում ԱԺ առաքելության վերաարժեվորմանը կարելի կլինի հասնել միայն այն պարագայում, եթե մեզ հաջողվի իրական քաղաքական սերնդափոխություն իրականացնել հասարակական-քաղաքական դաշտում ու վստահության քվե տալ նրանց, որոնց համար քաղաքականությամբ զբաղվելը կլինի ոչ թե անձնական կարիերան զարգացնելու համար անհարժեշտ անցողիկ մի էտապ, այլ` հայրենիասիրական առաքելություն` կոչված վերակերտելու հայրենիքը նորովի. մեզ ԱԺ-ում նախևառաջ ինտելեկտուալներ են հարկավոր, պատգամավորի աշխատանքը արժևորող ողնաշարավոր անհատներ, պետական շահի հստակ ու անվերապահ գիտակցումով օրենսդիրներ, իսկ այդպիսիք, ինչպես հասկանալի է, հայաստանյան ներկայիս իրականության պայմաններում խիստ սակավ են, իրողություն, որ առաջիկայում պետք է անհապաղ շտկել…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ