Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ձայների մեծամասնությամբ երկրի ղեկավար վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Ընտրություններից հետո Ազատության հրապարակ եկավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով պահանջում էր Սերժ Սարգսյանից իշխանությունը հանձնել ժողովրդին։
Մի քանի օր է, ինչ հանրահավաքներ են տեղի ունենում Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանին են միացել ՀՅԴ-ն, Անդրիաս Ղուկասյանը և «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ժառանգությունը» ցանկանում էր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել նաև փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին՝ ժամը 15.00-19.00-ը, սակայն քաղաքապետարանը մերժել է նրանց դիմումը։ Հիմնավորման մեջ նշված էր, որ դիմումը մերժվել է, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ չնայած այն բանին, որ քաղաքապետարանը չի թույլատրել հանրահավաք անցկացնել, նա կհանդիպի ժողովուրդի հետ։
Արդյոք չթույլատրված հավաքը չի՞ հանգեցնի բախումների ոստիկանության և ժողովրդի միջև։ Այս հարցի շուրջ Լուրեր.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ եթե նման բան տեղի ունենա, դրա պատասխանատվությունն ամբողջությամբ կլինի իշխանության վրա, «որովհետև քաղաքացիները, ժողովուրդն իրավունք ունեն հավաքվել այնտեղ, որտեղ ուզում է, մենք էլ վաղօրոք իրազեկել ենք իրենց, իսկ իրենք թող բարի լինեն, ընդունեն։ Այդ տեխնիկական պատճառները, որ իրենք մեջբերում են, լուրջ չեն, երբ ժողովուրդն ուզում է հանրահավաք անել և ուզում է քաղաքացիական իրավունքներն իրացնել»,-ասաց Խուրշուդյանը։