Երեկ Երևանում հրազենային կրակոցներից մահացել է երկու երիտասարդ։
Բռնությունը Հայաստանում դարձել է այն միջոցը, որով մարդիկ հույս ունեն՝ լուծել իրենց հարցերը։ Ստեղծված վիճակի առաջին պատասխանատուն իշխանությունն է, որը բռնության «մշակույթի» կրողն է եւ գործնականում այդ եղանակով է լուծում հարցերն ընտրությունների ժամանակ կամ այն դեպքերում, երբ ինչ-որ մեկից խլելու բան ունի։ Իշխանության կրիմինալ վարքագիծն ընդօրինակվում է հասարակության կողմից, շատ հաճախ էլ՝ բռնության ֆետիշացումն ուղղակի պարտադրվում է նրան։
Մարդիկ իրար վրա չեն կրակի, եթե երկրում նորմալ դատական համակարգ լինի։ Սակայն դատավորները հարցերը լուծում են «կլորիկ» գումարներով, ու մարդիկ գերադասում են կրակոցների ճանապարհը։ Կենցաղային հարցերը լուծվում են արյունոտ «ռազբորկաներով», քաղաքական խնդիրները՝ ՊՊԾ գունդը գրավելով։ Իրականում՝ բռնությունը որևէ հարց չի լուծում, միայն խորացնում է այն անտագոնիզմը, որ գոյություն ունի։ Երեկ սպանված երիտասարդների հարազատները դատարանների վրա թքած ունեն եւ փորձելու են լուծել արյան վրեժը։ Ոստիկանները ցուցարարների դեմ ավելի դաժան կլինեն, որովհետեւ հիշելու են ՊՊԾ գնդում սպանված իրենց ընկերներին։
Միակ ելքը՝ բռնության «մշակույթն» արմատախիլ անելն է, և իշխանությունները պետք է սկսեն իրենցից՝ օրենքի ուժով զոռբաներին պատժելով։
Երբ հասարակ մարդը տեսնի, որ իշխանության «տանիքի» տակ գործող կրիմինալը պատժվում է, ձեռքը երբեք ինքնաձիգին կամ հրացանին չի տանի։
Սարգիս Հակոբյան