2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը կրկին հրաժարվել է Փարիզում խոսել դատավորների հետ:
Մոտավորապես ժամը 7:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ավտոշարասյունը, որում Աբդեսլամը գտնվում էր առավելագույն պահպանության ներքո, Ֆլերի-Մերոժի բանտի տարածքից մեկնել է Փարիզի ուղղությամբ:
Ավելի վաղ, մայիս եւ սեպտեմբեր ամիսներին, Աբդեսլամին արդեն բերել էին Փարիզ՝ ցուցմունքներ տալու, սակայն այդ ժամանակ էլ է նա օգտագործել լռություն պահպանելու իր իրավունքը եւ հրաժարվել է խոսել:
Սալահ Աբդեսլամը մարտի 18-ին իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էր Բրյուսելի Մոլենբեկ ներգաղթյալների կոմունայում: Ապրիլի 27-ին Բելգիայից Ֆրանսիա արտահանձնվելուց հետո Աբդեսլամը Ֆլերի-Մերոժի բանտի (մայրաքաղաքի տարածաշրջան) մենախցում պահվում է շուրջօրյա տեսադիտման ներքո:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների երեք կոորդինացված խմբեր մի շարք հարձակումներ են կատարել Փարիզում եւ նրա մերձակա Սեն-Դենի արվարձանում: Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: