Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար, պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ աղետի գոտին այսօր էլ շարունակում է նույն կարգավիճակով մնալ: Նա հատուկ շեշտում է, որ այդ տարիներից ի վեր Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում շատ բան է փոխվել:
Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ անօթևանների խնդրին ուռճացվում է, քանի որ աղետի հետևանքով իրենց տներից զրկված քաղաքացիները, ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում և Սպիտակում պետությունից ստացել են բնակարաններ կամ բնակարանների փոխհատուցումներ:
«Այդ մասին խոսողները, գոնե մեկ անգամ պետք է լինեն այնտեղ, որպեսզի սեփական աչքերով տեսնեն այնտեղ կատարված աշխատանքներն ու փոփոխությունները: Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում դուք դրա ականատեսը կլինեք: Այդ աղետը ողբերգություն էր, որը հսկայական վնասներ հասցրեց մեր պետությանը, բայց մենք կարողացել ենք այդ ճգնաժամը հաղթահարել»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց պատգամավորն՝ հավելելով, որ այսօր աղետի գոտի կոչվածը գրեթե ամբողջությամբ կերպարանափոխված է:
Անդրադառնալով անօթևանների խնդրին՝ նա նշեց, որ աղետից բնակարան կորցրած ընտանիքներից որևէ մեկն այսօր անօթևան չի մնացել: «Մենք աղետից առաջ ունեցել ենք ընտանիքներ, որոնք բնակարաններ չեն ունեցել»,- նկատեց պատգամավորը՝ շեշտելով, որ աղետի հետևանքով անտուն լինելն ու տուն չունենալը բոլորովին տարբեր հարցեր են:
«Համապատասխան բնակարաններ կամ գումարներ հատկացվել են այն մարդկանց, ովքեր աղետի հետևանքով անօթևան էին մնացել, բայց եթե այսօր կան անօթևաններ, դա ևս մեր խնդրին է, որը պետք է փորձենք լուծել: Սակայն, ամեն ինչ կապել աղետի հետ, այդ թեման շահարկել՝ կարծում եմ անթույլատրելի է»,- ասաց պատգամավորն՝ հավելելով նաև, որ նույն հարցը բարձրացվել է նաև Վանաձորում և Սպիտակում, բայց այսօր անօթևանների գերակշռող մասը ստացել են իրենց բնակարանները:
Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ խնդրի մասին բարձրաձայնողների մեծ մասը երկրաշարժից տուժածներ չեն: «Աղետի հետևանքով բնակարան կորցրած որևէ մեկն այսօր չունենք: Իսկ այսօրվա անօթևանների մեծ մասը կա՛մ նախկինում վարձով են ապրել, կա՛մ բնակարան չեն ունեցել, որոնց ևս պետությունը տնակներ է հատկացրել, որպեսզի նրանք ևս անտուն չմնան: Իսկ այսօր նրանք դոմիկում ապրելը վերագրում են աղետի հետևանք: Ես վստահեցնում եմ, որ այս տարիների ընթացքում մենք այդ խնդիրը կարգավորել ենք, և աղետի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիներին պետությունը բոլորին փոխհատուցել է, ընդ որում՝ այդ մասին կան նաև թվեր ու փաստեր: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա անօթևաններին, ապա այո, մենք նրանց մասին նույնպես պետք է մտածենք ու փորձենք այդ խնդիրը լուծել: 21-րդ դարում անօևթան ընտանիքներ չպետք է լինեն»,- ասաց նա:
Արմինե Եփրեմյան