Գագիկ Ծառուկյանն այսօր այցելեց Գյումրի: Այցի ընթացքում նա ծաղկեպսակ դրեց ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այդ ընթացքում գյումրեցիներն արդեն իսկ հավաքվել ու սպասում էին նրա հետ հանդիպմանը: Լրագրողների հետ ճեպազրույցում բարերարը նշեց, որ առանձնահատուկ սեր է տածում Գյումրիի և գյումրեցիների հանդեպ:
Քաղաքի «Յոթ վերք» եկեղեցի այցից հետո, Գագիկ Ծառուկյանն այցելեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց տնակային ավան: Ծառուկյանը հանդիպեց ավանի բնակիչներին, լսեց նրանց հուզող խնդիրները և հանձնարարեց Ամանորին ընդառաջ յուրաքանչյուր ընտանիքին ֆինանսական օգնություն հատկացնել:
Գյումրի կատարած այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը այցելեց նաև «Շիրակ կենտրոն», որտեղ կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը ներկայացրեց իրենց առաջիկա գործունեության ուղղությունները: Նրա հանձնարարությամբ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից «Շիրակ կենտրոն»-ին 10 միլիոն դրամ տրամադրվեց՝ ավերիչ երկրաշարժից 28 տարի անց տնակներում բնակվող մարդկանց վառելանյութի խնդիրը լուծելու համար:
Կենտրոնում Գագիկ Ծառուկյանը հանդիպեց նաև Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհվածների ընտանիքների անդամներին: Զրույցի ընթացքում, լսելով նրանցից յուրաքանչյուրին, հանձնարարարեց տեղում լուծում տալ վերջիններիս խնդիրներին:
Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մասին խոսելիս Գագիկ Ծառուկյանը նշեց, որ երկիրն այս ծանր և օրհասական վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է միասնաբար մի կողմ թողնել անձնական շահը և խոսքը ապացուցել գործով: Այնուհետև քաղաքականություն վերադառնալու մասին լրագրողների հարցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ չի կարող ինքնանպատակ գործել, և որ առաջիկա օրերին ինքն այդ առթիվ հանդես կգա հայտարարությամբ: