Հակառակորդի ակտիվության հետևանքով բարեբախտաբար հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ հակառակորդի հերթական ակտիվությունն այս անգամ պայմանավորված է Հեյդար Ալիևի մահվան տարելիցով:

 

Հիշեցնենք, որ նա մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 12-ին:

 

Դավիթ Բաբայանի խոսքով՝ սովորաբար նման ակտիվություն հակառակորդի կողմից նկատվում է այս կամ այն հանդիպումից առաջ կամ հետո, բայց կոնկրետ այսօրվա կրակոցները պայմանավորված են Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի հետ:

 

«Հակառակորդը կարծում է, որ այդ կերպ Հեյդար Ալիևին, ով համարվում էր Ադրբեջանի հիմնադիրը, կվերակենդանացնեն: Բնականաբար, այդ օրերին նրանք պետք է ավելի շատ խախտեին հրադադարի ռեժիմը՝ ցույց տալու համար, որ իրենք չեն մոռացել իրենց պետության ստեղծողին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այլ բացատրություն չկա, քանի որ ամեն ինչ արդեն ասված է:

 

«Այդպիսի օրերին էլ ավելի են ակտիվանում»,- նկատեց նա:

 

Մեր դիտարկմանը՝ գուցե արտգործնախարարների վերջին հանդիպո"ւմն է նաև խթանել հակառակորդի ակտիվ գործողություններին՝ Բաբայանն ավելացրեց, որ նման հանդիպումների ժամանակ էլ է ակտիվություն լինում, սակայն այսօր դրա հերթը չէր. «Իլհամ Ալիևն ինքն է ասել, որ Ադրբեջանը ստեղծվել է Հեյդար Ալիևի օրոք, և, փաստորեն, այսպիսի կրակոցներով փորձում են յուրովի հիշել նրան»,- եզրափակեց նա:

 

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը արկակոծել է հայկական դիրքերը:

 

Կարդացեք նաև՝ Այս գիշեր Հորադիզի ուղղությամբ տեղակայված հենակետերից հակառակորդը 82 մմ-ոց ականանետերից արկակոծել է հայկական դիրքերը