Ամեն անգամ, երբ մոտենում է տարվա վերջը, կամա-ակամա՝ ցանկություն է առաջանում ամփոփելու անցած 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած-չունեցածն ու փորձելու հասկանալ, թե որոնք են այն հիմնական դասերը, որ պետք է քաղել արդեն անցյալի վերածվող տարվա իրադարձություններից:
Չնայած դժվար է հիշել մեր երկրի նորանկախ պատմության մեջ գեթ մեկ տարեթիվ, որը Հայաստանի համար լի եղած չլինի բազմազան փորձություններով ու դժվարություններով, բայց դժվարւթյունների ու չտեսնված փորձությունների այնպիսի չափաբաժին, որքան 2016-ն էր իր մեջ ամփոփում, դժվար է մտաբերել:
Խոշորագույն փորձությունը, որին մեր երկիրը ստիպված եղավ բախվել այս տարվա ընթացքում, անկասկած, ապրիլյան դեպքերն էին: «Քառօրյա պատերազմ» անվանումը ստացած հերոսամարտը, որը մեր ժողովրդին պարտադրվեց ամենևին էլ ոչ մեր կամքով, իրավամբ, կարելի է դասել հայ ժողովրդի հերոսական պատմության փառահեղ էջերի շարքին' որպես մի օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է շնորհիվ աներեր կամքի ու անհատական հերոսության՝ խեղդել թշնամուն իր իսկ բնում' անառիկ պահելով հայրենիքի սահմանը:
Եվ, այնուամենայնիվ, ցանկացած իրադարձությունից համապատասխան դասեր քաղել կարելի է միայն այն պարագայում, երբ մանրակրկտորեն վերլուծում ես դրա առաջացման պատճառները: Եվ ուրեմն' ի՞նչ ցույց տվեց Քառօրյա պատերազմը, կամ՝ ի՞նչ հիմնական ուղերձ կարող է այն իր մեջ պարունակել: Մեր համոզմամբ' ամենակարևորը, որ ի հայտ բերեցին ապրիլյան դեպքերը, մինչ այդ հյուսված առասպելների դատարկությունն էր. Հայաստանի ու Արցախի անվտանգության միակ ու հաստատ գրավանակը հայ զինվորի բազկի ուժն է. այդպես եղել է, կա ու կլինի: Ո՛չ արտաքին հանգամանքները, ո՛չ համաշխարհային ուժային կենտրոններում իշխող փոփոխական տրամադրությունները՝ չեն կարող երաշխիք հանդիսանալ մեր երկրի սահմանների հանդարտության, Արցախի անձեռնմխելիության. քաղաքական շահերը փոփոխական են, ու դրանց հետ մեկտեղ փոփոխական են նաև այստեղ-այնտեղ իշխող տենդենցները:
Իսկ այս ամենը հանգեցնում է ընդամենը մեկ գաղափարի' միասնության, ազգային միասնության' բառիս ամենալայն իմաստով: Աշխարհի ու տարածաշրջանի համար վտանգներով լի այս ժամանակաշրջանում, երբ մոլորակում իրադարձությունները ծավալվում են կայծակնային արագությամբ ու իրենց բնույթով շատ հաճախ անկանխատեսելի են, եռամիասնությունը' հայ ժողովրդի երեք թևերի' Հայաստանի, Արցախի ու սփյուռքի միջև, այն միակ առհավատչյան է, որի շնորհիվ հնարավոր կարող է դառնալ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումն ու անվտանգության ապահովումը: Այլ խոսքերով' Անդրկովկասի խաղաղության գաղտնիքը հայ զինվորի բազկի ուժի մեջ է, ու մենք անդադար հզորանալուն՝ այլընտրանք, ուղղակի չունենք, քանի որ գործ ունենք թշնամու հետ, ում համար մարդկային լեզուն օտար է, ում մորթին բացի մտրակի հարվածներից, ուրիշ այլ բանի սովոր չէ:
Ինչպիսի զարգացումներ էլ տեղի ունենան ապագայում արցախյան խնդրի շուրջ' խաղաղ, թե ուժային, հաստատ է մնում մեկ բան, մեկ ճշմարտություն. մենք երբեք իրավունք չունենք թուլացնելու զգոնությունն ու պարտավոր ենք պատրաստ լինել երկարատև դիմակայության' անկախ այն բանից, թե դիմակայությունն այդ կլինի մարտի դաշտում, թե' գրասենյակներում. սրան՝ այլընտրանք, պարզապես չկա…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ