Թուրքիայի Կայսերի քաղաքում քաղաքացիները փորձել են հարձակում իրականացնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Քաղաքում վաղ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի խումբ անձինք ցանկացել են մտնել կուսակցության գրասենյակի շենք: Ոստիկանությունը դժվարությամբ կարողացել է հետ մղել հավաքվածներին' թույլ չտալով նրանց մտնել գրասենյակ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի շուրջ անվտանգության միջոցները խստացվել են:

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով' զոհվել է 13 զինվոր, 55-ը վիրավորվել են: