ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախ ներկայացրեց կատարած աշխատանքները: Նախարարը նշեց, որ բարեփոխումների արդյունքում գալիք տարում կունենանք 740 մլն դրամի տնտեսում:
Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, նախարարն ասաց, որ ներդրումային ծրագիրը շարունակում է իր բնական հունով ընթանալ: Նախարարը նշեց որ նախատեսվում է Հյուսիս-հարավում ներգրավել մասնավոր ներդրողների:
Վերջերս օրենսդիր մարմնի անդամներն ուսումնասիրել էին 2017-ի բյուջեն և նկատել էին, որ Հյուսիս-հարավի համար նախատեսված բյուջեն կտրուկ նվազել է 2016 թվականի համեմատ. ինչո՞վ է դա պայմանավորված, ի՞նչն է պատճառը և ո՞վ է պատասխանատու կոռուպցիոն չարաշահումների համար՝ հարցերին ի պատասխան՝ նախարարը վստահեցրեց.
«Նախարարության կողմից չարաշահումներ չեն եղել, քանի որ ուսումնասիրությունը եղել է իմ կողմից: Եթե եղել է, ուրեմն նախարարության դաշտում չի եղել, այլ կապալառու կազմակերպությունների մեջ է եղել: Ինչ վերաբերում է բյուջետային կրճատումներին, ապա դրանք պայմանավորված են այսօրվա ֆինանսական իրավիճակով, որը կարող է տարվա ընթացքում վերանայվել»:
Հարցին, թե նախարար ընտրվելուց հետո Ձեր նախարարությունում հանդիպե՞լ եք պրիմիտիվ գողության դեպքերի, նախարարը պատասխանեց. «Ոչ մի պրիմիտիվ գողության չեմ հանդիպել, և իմ պահանջները եղել են, որ բոլորն աշխատեն մաքուր»:
Սոնա Հարությունյան