Վարչապետի պաշտոնավարման հարյուր օրը կրում էր սիմվոլիկ բնույթ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ ոչ մի տեսանելի արդյունք այս օրերի ընթացքում այդպես էլ չգրանցվեց.
«Այս հարյուր օրերը ես անվանում եմ հույսերի տապալման օրեր: Մեծ աղմուկով և հույսերով եկան, սակայն ժողովրդի ու մեր սպասելինքներն այդպես էլ չարդարացան: Այսինքն՝ մկաններ ցույց տվեցին, բայց արդյունքում ոչ մի ռեալ փոփոխություն այդպես էլ չեղավ»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ Հանրապետականներն, այնուամենայնիվ, պնդում են, որ այդ փոփոխությունները թեև տեսանելի չեն, բայց եկամուտների մասով եղել են կրճատումներ, Արամ Մանուկյանը հակադարձեց, որ ամենաակնառու փոփոխությունը կլիներ այն, որ թոշակներն ինչ-որ չափով ավելանային: «Ոչ թոշակները, ոչ նպաստները չավելացան: Գներն ավելանում են, իսկ մարդկանց աշխատավարձերը՝ ոչ: Մարդիկ այսօր նույն դժվարությունների առաջ են կանգնած: Այսօր մեր արտաքին պարտքը նորից ավելացավ: Մեր այն պարտքերին, որոնք արդեն վերցրել էինք, այսօր ևս մի քանիսն ավելացան. Ութ ամսվա ընթացքում մեկ շնչի համար երեք հարյուր դոլար պետական պարտք է նորից ավելանում: Դա տեղի ունեցավ հենց նոր վարչապետի պաշտոնավարման հարյուր օրվա ընթացքում: Էլ ինչ փոփոխությունների մասին են խոսում»,- եզրափակեց նա:
Արմինե Եփրեմյան