Թուրքիայի Ազգային ժողովի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն 9 օրյա քննարկումներից հետո ավարտել է իր աշխատանքները եւ ընդունել Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության 316 պատգամավորների ստորագրության հիման վրա արված սահմանադրական փոփոխությունների մասին առաջարկը:
Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com-ը:
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը իր աշխատանքները սկսել էր դեկտեմբերի 20-ին:
Հանձնաժողով ներկայացված սահմանադրական առաջարկը ի սկզբանե բաղկացած էր 21 կետից, սակայն քննարկումների արդյունքում 3 կետ դուրս է եկել եւ արդյունքում հաստատվել է փոփոխությունների միայն 18 կետը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին ընտրություններից հետո մեջլիսում ունի 317 պատգամավոր, սակայն քվեարկության ժամանակ ունի միայն 316 քվե, քանի որ մեջլիսի նախագահ, ԱԶԿ-ական Իսմայիլ Քահրամանը զրկված է քվեարկելու իրավունքից: Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 330 պատգամավորական մանդատ: ԱՇԿ 40 պատգամավորների կողմ քվեարկելու պարագայում ԱԶԿ-ն կկարողանա առաջարկն ընդունել մեջլիսում և Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե գումարել: