ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ,շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ' Էդվարդ Նալբանդյանը նշել, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ է ցանկացել սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։

«Ձեզնից ոմանք արդեն վեց ամիս, ոմանք՝ ավելի շատ, մաս եք կազմել նոր մեծ ընտանիքի, որը կոչվում է Հայոց բանակ։ Բանակ, որի նպատակը մեկն է՝ ձեր փոքր և մեծ ընտանիքների պաշտպանությունը, Հայրենիքի պաշտպանությունը։ Բանակ, որը ռազմի դաշտում է նվաճել տարածաշրջանի ամենախիզախն ու մարտունակը կոչվելու իրավունքը։ Կայացած բանակ, որն աշխարհի տարբեր մասերում իրականացնում է խաղաղապահ առաքելություն։ Բանակ, որի երիտասարդ զինվորը, կյանքի համն ու հոտը դեռ չտեսած, պատրաստ է այն նվիրաբերել հանուն իր ընտանիքի և Հայրենիքի անվտանգության», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթել է անփորձանք ծառայություն, այնպիսի ծառայություն, որ զինվորների ծնողները և ընտանիքները հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող բարի լուրերով։

Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացելվ ծառայության պայմաններին: