Հայաստանի տարբեր մարզերում եղանակային տատանումները գյուղատնտեսության համար վտանգ չեն ներկայացնում: Այս մասին նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը' անդրադառնալով ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տարածած այն տեղեկատվությա նը, ըստ որի, մի շարք քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրացել է: Հունվարի 8-ին Կապանում և եղել է +15, Իջևանում' +12, Դիլիջանում, Գորիսում՝ +11: Ջերմաչափը +15 է ցույց տվել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

 

«Այն հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանը +15 է, ծառերի արթնացման վտանգ դեռ չկա: Այդ նույն վայրերում երեկոները ջերմաստիճանն իջնում է, ցերեկվա մի քանի ժամը չեն կարող վիճակը փոխել»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

 

Ինչ վերաբերում է ձմռան առաջին ամսվա ընթացքում գրանցված եղանակային պայմաններին, ապա նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական տեսանկյունից սովորական ձմեռ է, որևէ արտառոց բան չկա:

 

«Կարող ենք ասել, որ ներկայում գյուղատնտեսության համար որևէ վտանգ չկա: Կարծում եմ, որ հաջող մուտք կգործենք նոր տարի: Կարևորը, որ ձյան տեղումներով պայմանավորված ջրամբարներում կունենանք լուրջ ջրաքանակի կուտակում: Ինչ վերաբերում է, սառնամանիքներով պայմանավորված, ժամանակին այգեթաղ իրականացնելուն, ապա ֆերմերները հիմնականում ժամանակին այդ գործն արել են, ռիսկայնության խնդիր չկա: Ըստ նախնական ուսումնասիրությունների' դեռ լուրջ խնդիրներ չունենք»,-հավելեց Հրաչ Բերբերյանը: