Հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ՝ տոնական տրամադրությունից, արձակուրդից աշխատանքային ռեժիմի անցման շրջանը կարելի է հեշտությամբ հաղթահարել: 1-2 օրը սովորաբար բավարար է լինում հետարձակուրդային սթրեսից դուրս գալու համար:

 

«Ցանկացած փոփոխություն, անցում մեր կյանքում մի կենսաոճից մեկ այլ կենսաոճի մարդու մոտ լարվածություն է առաջացնում, սա պարզապես անխուսափելի է: Երբ ակտիվ աշխատանքային ռեժիմից անցնում ենք հանգստի, կարծես դեռեւս այդ պրոցեսի մեջ ենք, մտածում ենք կիսատ թողած գործերի մասին, իսկ հետո մինչեւ սկսում ենք հարմարվել հանգստի վիճակին, նորից մտնում ենք գործնական կյանք: Եւ հատկապես այս եղանակին, երբ մարդը տնից դուրս գալու ցանկություն չի ունենում, այդ սթրեսային վիճակն ավելի է սրվում: Սրանք, իհարկե, թեթեւ սթրեսներ են. գիտեք՝ մեր հոգեկան աշխարհը շ ատ ծանր սթրեսներ հաղթահարելու այնքան ներուժ ունի, որ այս մեկին դիմադրելն այնքան էլ մեծ հոգեկան ուժեր չի պահանջում, եւ մարդիկ սովորաբար հաղթահարում են այն»,-ասաց հոգեբանը:

 

Նա նշեց, որ մարդիկ գտել են տոներից հետո աշխատանքային ռեժիմին ավելի հեշտությամբ անցնելու որոշ ձեւեր:

«Տոներից հետո առաջին օրը աշխատակազմը սովորաբար ստեղծում է տոնական տրամադրություն, հավաքվում է տոնական մի փոքր սեղանի շուրջ, ընդմիջումը կազմակերպում է սովորականից մի փոքր ավելի հանդիսավոր պայմաններում, զրուցում են տոների մասին, թե ով ինչպես անցկացրեց տոները: Սա բավականին օգնում է, որպեսզի այդ անցումն ավելի հեշտ լինի: Հետո եկեք չմոռանանք, որ կա մարդկանց եւս մեկ տեսակ՝ ակտիվ, գործունյա, ովքեր հոգնում են ձգձգվող տոներից, պասիվ վիճակից, ծուլությունից, ցանկանում են ինչ-որ բան ստեղծել, արդյունքներ ստանալ: Նույնիսկ ներքին ինչ-որ թուլություններ ունեցող մարդը կարողանում է հաղթահարել այս սթրեսը»,-եզրափակեց Կարինե Նալչաջյանը: