Ըստ APA.az լրատվականի հաղորդման՝ Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանն իրենց գործակալությանը տված հարցազրույցում խոսելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին, նշել է.

«Իմ կարծիքով՝ կողմերին կհաջողվի համաձայնության գալ՝ հաշվի առնելով, որ խորհրդարանում արդեն խոսում են տարածքները վերադարձնելու մասին: Հավանաբար, հենց այդպես էլ կլինի, և օկուպացված տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին: Ի վերջո, կյանքը շարունակվում է, և այս երկու ժողովուրդները միշտ էլ ջերմ հարաբերություններ են ունեցել:

Սա՝ ըստ APA.az լրատվականի հաղորդման, իսկ հիմա ներկայացնենք իրականությունը.

Այս հրապարակումից շատ չանցած՝ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանն արձագանքել է Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանն՝ իր ֆեյսբուքյան էջում հերքելով կեղծ տեղեկատվությունը: Ավանեսյանը, մասնավորապես, գրել է. «Ինչպես դուք գիտեք, ադրբեջանական քարոզչությունը օգտագործում է իմ անունն՝ իր կեղտոտ նպատակներով, որոնց համար նրանք ունեն ինչ-որ ձայնագրություն, որը կոպտորեն կեղծվել է, և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ իմ դիրքորոշումը ներկայացվել է ասածիս հակառակ բովանդակությամբ»,-նշել է պաշտոնյան՝ գրառման մյուս հատվածում հավելելով. «ՀՀ և Լեռնային Ղարաբաղի անկախությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը եղել և մնում է մնայուն արժեք, որը ոչ ոք չի կարող դնել կասկածի տակ»:

Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանի խոսքերի կեղծումն ու դրանք այլ բովանդակությամբ ներկայացնելը հերթական անգամ գալիս է փաստելու մեկ բան. Ադրբեջանը լկտիաբար ակտիվ է և՛ սահմանին, և՛ տեղեկատվական դաշտում՝ հավատարիմ մնալով Բաքվի հռետորաբանությանը: Պատահական չէ, որ ալիևյան վարչակարգի սպասարկուները նորից ստիպված են եղել օգտագործել Հայաստանի և Արցախի կողմից բազմիցս հերքված «օկուպացված տարածքներ» արտահայտությունը՝ փորձելով թափահարել իրականության հետ կապ չունեցող մի թեզ: