Մի քանի հազար մարդ է հունվարի 19-ին մասնակցել Նյու Յորքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ելույթներին, որոնք կայացել են Մանհեթենի «Թրամփ թաուեր» երկնաքերի մոտ, ընդհանուր տոն են տվել մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն, ականավոր քարոզիչ Ալֆրեդ Շարփթոնը, ռեժիսոր Մայքլ Մ ուրը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Ալեք Բոլդուինը եւ Մարկ Ռուֆալոն:

 

«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր դե Նիրոն ելույթ է ունեցել առաջինը՝ Թրամփին համարելով «վատ օրինակ ամբողջ երկրի եւ այս քաղաքի համար»: «Ֆարենհայթ 9/11» հայտնի կինոժապավենի ստեղծողը՝ Մուրը, նախազգուշացրել է, որ «Ամերիկան չափազանց վտանգավոր շրջան է ապրում իր պատմության մեջ»: «Ամեն ինչ այնքան վատ է, որքան ձեզ թվում է: Բայց կլինի ավելի վատ»,- կանխագուշակել է ռեժիսորը:

 

«Այս երեկո մենք հավաքվել ենք պաշտպանելու մեզ բոլորիս համար մի թանկարժեք բան: Եվ դա մեզնից յուրաքանչյուրն է»,- նշել է Ռուֆալոն: Նրան են միացել նաեւ դերասանուհիներ Ջուլիանա Մուրը, Մարիսա Թոմեյը եւ Շեյլին Վուդլին:


Անցած հանգստյան օրերից նմանօրինակ ակցիաներ են տեղի ունենում ԱՄՆ-ի շատ քաղաքներում: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, հարյուրավոր ամերիկացիներ մտադիր են Թրամփի պաշտոնակալության արարողությունը ձախողելու փորձ ձեռնարկել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: