Հունվարի 23-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը, որը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած հերոսներին:
Շնորհանդեսին ներկա էին ապրիլյան հերոսամարտի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները:
Մեր անմահ հերոս Տիգրան Բերակչյանի մայրը՝ Եվգինե Բերակչյանը, մեծ հուզմունքով, բայց ժպիտով է հիշում որդուն: Մայրը հիշում է՝ որդին ապրիլի 1-ին ժամը 3-ին զանգել, ասել է՝ «մամա տուն ենք հասել» (զինծառայողները գաղտնալսումների վտանգի պատճառով գաղտնաբառեր են օգտագործում):
«Ինքը շատ հպարտ էր, որ զինվոր էր ու ծառայում էր հայոց բանակին: Մյուս եղբոր համար ասում էր՝ «մամա Նարեկը չի կարա ծառայի բանակում»: Ես իրեն պատրաստի զինվոր դաստիարակած ուղարկել եմ բանակ»,- արցունքն աչքերում ասաց զոհված զինծառայողի մայրը:
Տիգրան Բերակչյանի մոր միակ սփոփանքը որդու ընկերների պատմածներն են մնացել. «Տիգրանը եկել է ընկերների երազներում ու ասել`«սենց էր պետք»»: