Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը չծրագրավորած այցով կմեկնի Մոսկվա' հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այցի պատճառը Լավրովի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած վերջին հայտարարությունն է և դրա հետևանքով լարված ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը' հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ' պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում:
Միջադեպն արդեն մի քանի օր է ադրբեջանական օգտատերերի կողմից բուռն կերպով քննարկվում է սոցիալական ցանցերում:
Իսկ ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել Լավրովին հարց ուղղած լրագրողին' լրագրողական էթիկան խախտելու հիմնավորմամբ: