ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը երեկ ԱԺ իր հայտարարության մեջ անդրադարձավ երկրի այսօրվա իրավիճակին' հայտարարելով. «Ոչ ոքի իրավունք չի տրված երկրի համար այս կարևորագույն պահին խաթարել ներքաղաքական իրավիճակը: Ամեն մի քաղաքական գործիչ պետության շահերը պետք է վեր դասի թե իր անձնական, թե կուսակցական շահերից»: Ինչպես հայտնի է, նա Սերժ Սարգսյանին պարբերաբար իր զինակիցն է հայտարարում: Հայտարարությունից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց ԲՀԿ-ականին:
- Պարոն Գևորգյան, ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը:
- Ես ինքս չեմ մասնակցել ընտրությանը: Ուղղորդվել եմ իմ կուսակցության դիրքորոշմամբ:
- Ուզում եք ասել' չե՞ք ընտրել Սերժ Սարգսյանին:
- Ես ուղղորդվել եմ իմ կուսակցության դիրքորոշմամբ:
- Չե՞ք էլ սատարել որևէ կերպ:
- Ոչ մեկին չեմ սատարել: Ես հավատարիմ եմ իմ կուսակցության դիրքորոշումներին, որոշումներին:
- Կուսակցությունը, սակայն, չէր հայտարարել, որ պետք չի մասնակցել:
- Կուսակցությունը չէր սատարում ոչ մեկին, իսկ եթե չէր սատարում, ես գերադասեցի, որ ավելի լավ է չմասնակցեմ ընտրության:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը և այն, ինչ կատարվում է Հայաստանում ընտրություններից հետո:
- Րաֆֆի Հովհաննիսյանին հարգում եմ որպես հայրենասեր և լուրջ քաղաքական գործիչ, բայց այսօրվա շարժումը այնքան քաղաքական չեմ համարում: Դա հիմնականում ունի սոցիալական և արժանապատվության ուղղվածություն ժողովրդի մեջ:
- Չե՞ք կարծում, որ դա նորմալ է:
- Ես շարժումը համարում եմ որպես նորմալ շարժում, բայց չեմ համարում քաղաքական ինչ-որ ակցիա ժողովրդի կողմից:
- Դուք հայտարարեցիք, թե «ոչ ոքի իրավունք չի տրված երկրի համար այս կարևորագույն պահին խաթարել ներքաղաքական իրավիճակը», փաստորեն, որ պե՞տք չէ բողոքել:
- Շարժումով կարելի է բողոք արտահայտել ընդդեմ իշխանության, բայց գիտեք ինչ, եթե մենք այսօր ունենք հողի խնդիր, Արցախի խնդիրը, որ ծառացած է արդեն տասնյակ տարիներ մեր երկրի վրա, և հողը դա ամենամեծ արժեքն է, և ես որպես ազատամարտիկ, շարժման ակունքներում եղած քաղաքական գործիչ, ամենամեծ արժեքը համարում եմ հողը, որի վրա ձևավորվել է պետությունը:
- Իսկ մարդկա՞նց:
- Մարդիկ, ինչ խոսք, շատ կարևոր են: Սակայն ինչքան էլ սոցիալական հարց լինի, միշտ էլ պետք է զգուշորեն մոտենան այն խնդրին, որ կա հողի խնդիր:
- Իսկ ի՞նչ անել, երբ մարդիկ թողնում, գնում են այդ հողը, այս իշխանության ղեկավարման պատճառով հեռանում են այդ հողից:
- Եթե մարդիկ գնում են, դա ամենակործանարար վիճակն է պետության և երկրի համար: ...Գիտեք ինչ, բոլոր նորմալ մտածողներն էլ կուզենան, որ երկրում կայունություն լինի, քանի որ աշխարհաքաղաքական դաշտում այսօր քննարկվում է և Արցախի խնդիրը, և Ցեղասպանության խնդիրը: Ինչ է' դուք չե՞ք կարծում, որ դրանք խոչընդոտ են հանդիսանում:
- Իսկ Ձեր կարծիքով' ԲՀԿ-ն կարո՞ղ է և պե՞տք է միանա այս ժողովրդական շարժմանը:
- ԲՀԿ-ն ժողովրդական կուսակցություն է և միշտ եղել է ժողովրդի կողքին, իսկ թե կմիանա, չի միանա' դա ժամանակը ցույց կտա:
- Կուսակցության երեկվա հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում: Տեսակետներ կան, որ եթե ԲՀԿ-ն նման հայտարարություն է անում, դրանից հետո պիտի շատ կոնկրետ քայլեր անի' կամ միանա ընդդիմությանը, կամ ինչ-որ ձևով հստակեցնի իր դիրքորոշումը:
- Հայտարարությունն ուղղված է եղել կայունությանը և ժողովրդին: Դա ընդհանուր մի հայտարարություն էր, որ տարբեր մարդիկ տարբեր ձևով են ընկալել: