Քաղաքական համակարգը, լինելով կենդանի օրգանիզմ, փոփոխությունների բնական պահանջ է զգում, և որքան ավելի երկար է տևում փոխակերպման այդ գործընթացը, այնքան խորանում է համակարգի լճացումը՝ հիմք դնելով քաղաքական ապատիային: Թերևս հենց այսպիսի վիճակ է այսօր նկատվում մեր հասարակությունում: Իսկ իրավիճակից դուրս գալու ելքը առողջ քաղաքական սերնդափոխության իրականացումն է, ինչն այսօր բխում է քաղաքական դաշտի բոլոր խաղացողների շահերից:

Քաղաքական սերդափոխությունը, նախևառաջ՝ նոր մտածողությամբ և տեսլականով, կառավարման ինովացիոն գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև երկրի առջև ծառացած խնդիրների լուծման առումով արդյունավետ մեթոդների տիրապետող մարդկանց պատվիրակումն է պետական կառավարման համակարգ և քաղաքական, ներկայացուցչական մարմիններ: Այս ամենից մեկ կարևոր հետևություն նույնպես պետք է անել. երբ որ խոսվում է այն մասին, որ շատ էական է փորձառությունը, կարիերայի աստիճաններով հատ-հատ բարձրանալը, պետք է նաև չանտեսել՝

- աշխարհը սրընթաց փոխվում է, և առաջին պլան են մղվում նոր պահանջները՝ որոշումների կայացման և դրանց իրացման գործընթացը հաճախ դուրս է գալիս ավանդական արժեհամակարգերի սահմաններից.

- պետք է կոտրել կարծրատիպերը և բարեփոխումները դարձնել առավել թիրախավորված ու նպատակային. միայն այս կերպ է հնարավոր շոշափելի բեկում ապահովել: Հենց այս պահանջներն են նաև քաղաքական սերդափոխության հիմքում: Իսկ այս առումով, մեկնաբանությունները շատ դեպքերում ուղղակի վերածվում են սուբյեկտիվ նկրտումների, որոնք ավելի շատ աղավաղում են խնդրի բուն էությունը:

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Հայաստանում սկիզբ դրվեց նոր ժամանակաշրջանի, որը կառավարման համակարգի փոփոխության հետ մեկտեղ, փոփոխություններ է առաջացնելու հանրային-քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Բայց առաջին ու ամենակարևոր փոփոխությունը տեղի է ունենալու քաղաքական համակարգում: Որքան էլ սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները պնդում էին, որ դա հանգեցնելու է մենիշխանության, այդուհանդերձ, ակնհայտ է, որ անկախ խորհրդարանում ներկայացվածության չափից՝ կուսակցությունների դերն ավելանալու է, և կուսակցությունները բնականորեն ավելի քաղաքական են դառնալու: Այս և մի շարք փոփոխություններ, որոնք հետևելու են խորհրդարանական կառավարման կարգի ներդրմանը, համընկնելու են մեկ այլ բնական փոփոխության հետ. Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների իշխող մեծամասնությունը գրեթե կենսաթոշակային տարիքի գործիչներ են, և, առավելագույնը՝ մեկ գումարման խորհրդարանում ներկայացված լինելուց հետո, թոշակի են գնալու, բառի՝ բուն իմաստով:

Մարդը մնում է մարդ և նույնիսկ նրանցից լավագույնը կարող է դառնալ վտանգավոր, եթե նրա իշխանությունը չի զսպվում որոշակի սահմանափակումներով: Այդ պատճառով էլ անփոխարինելի իշխանությունը սկզբունքային անվստահություն է առաջացնում, և նույնիսկ նա, ով տիրում է մեծագույն իշխանության, պետք է գոնե առժամանակ՝ հրաժարվի հերթական ընտրություններից հետո: Իսկ նա, ով ստեղծված իրավիճակում առանց առարկության՝ իշխանությունը տալիս է ուրիշին, արժանանում է համընդհանուր երախտագիտության և հարգանքի:

Միանգամայն հնարավոր և հավանական է նաև իրավիճակային բեկումը՝ ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում, եթե միայն գտնվի քաղաքական այն ֆասիլիտատորների հզոր փաղանգը, որը կկարողանա հայաստանյան պետական-քաղաքական վարչախմբին լիարժեքորեն հակել արժանավարական ժողովրդավարության ուղեգծին և նպաստավոր պայմաններ ստեղծեր հասարակական-քաղաքական կյանքում արմատական տեղաշարժերի ու փոփոխությունների, մասնավորապես՝ քաղաքական նոր սերնդափոխության իրականացման և հասարակական ուղղաձիգ շարժունության ապահովման համար:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ