Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի փաստաբանները Բելառուսի Գերագույն դատարանում բողոքարկել են նրան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հանրապետության Գլխավոր դատախազության որոշումը: Այդ մասին փետրվարի 6-ին ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության Գերագույն դատարանի մամուլի քարտուղար Յուլյա Լյասկովան:
«Վաղը (փետրվարի 7-ին) փակ նիստում Գերագույն դատարանը կստուգի Մինսկի քաղաքային դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, որով քաղաքացի Լապշինին քրեական հետապնդման համար Ադրբեջանին հանձնելու Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի որոշումն օրինական է ճանաչված»,-ասել է նա:
Լապշինը, որը նաեւ Իսրայելի քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին այն բանի կապակցությամբ, որ Ադրբեջանի պահանջով հայտնվել է փնտրվող անձանց միջազգային բազայում: Բաքուն նրան մեղադրում է առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ:
Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին հրաժարվել է բավարարել Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման գանգատարկումը: Նրան ադրբեջանական կողմին հանձնելու գլխավոր դատախազի տեղակալի որոշումը ճանաչվել է օրինական:
«Բելառուսը հիմքեր չունի բլոգեր Լապշինին չհանձնելու Ադրբեջանին»,-փետրվարի 3-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել է, որ այդ հարցը կլուծվի «օրենքի եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա»:
Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելն անթույլատրելի է: