Արգենտինացի պատգամավոր Նիլդա Սելիա Գարեն ներկայացրել է մի օրենքի նախագիծ, որը նախատեսում է Արգենտինայում քրեականացնել ցեղասպանության ժխտումը: Prensa Armenia-ին տված հարցազրույցում Սելիա Գարեն տեղեկացրել է, որ նախագիծը ենթադրում է նաև քրեական պատիժ Հայոց ցեղասպանության ժխտման համար:
Առաջարկը նախատեսում է Քրեական օրենսգրքում ներառել ցանկացած մեկի քրեական հետապնդումը, ով «հրապարակայնորեն ժխտում է, նվաստացնում է, արդարացնում է և/կամ հավանություն է տալիս ցեղասպանությանը կամ մարդկության դեմ հանցանքին»:
Արգենտինացի պատգամավորը տեղեկացրել է, որ առաջարկը համապատասխանում է խոսքի ազատությանը, երբ դա «արդարացվում է զոհերի իրավունքները պաշտպանելու, հասարակական կարգը կամ ազգային անվտանգությունը պահպանելու, ատելությունը կամ բռնությունն արդարացնելը կանխելու անհրաժեշտությամբ»:
«2016 թվականին Ազգային կոնգրեսն ընդունել է 26.199 օրենքը, որը ցեղասպանություն է ճանաչել այն, ինչին զոհ է գնացել հայ ժողովուրդը: Հետևաբար, հստակ է, որ դա ներառված է այն նախագծում, որն առաջարկում ենք»,- ասել է Նիլդա Սելիա Գարեն:
Պատասխանելով հարցին, կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի' վերջերս Արգենտինա կատարած այցի հետ, Գարեն նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարող է վերաբերվել սրան: Ես գիտեմ միայն այն, որ Արգենտինայի Հանրապետությունն ինքնիշխան է, և Ազգային կոնգրեսը դրա իշխանություններից մեկի դրսևորումն է»:
Արգենտինացի պատգամավոր Նիլդա Սելիա Գարեն ներկայացնում է «Հաղթանակի ճակատ» կուսակցությունը: Նա նախկինում զբաղեցրել է Արգենտինայի պաշտպանության նախարարի, ապա Անվտանգության նախարարի պաշտոնները: