Սովորաբար, երբ փորձում են փաստարկել Հայաստանի ֆինանսական կայունության մասին շարունակ բարձրաձայնվող հայտարարությունները, որպես ապացույց բերվում է՝ իբր բանկային համակարգի կայունության ու կայացվածության հանգամանքը. չգիտես ինչու, ընդունված կարծիք կա, թե Հայաստանում բանկային ոլորտն ուղղակի ծաղկում է, և սա այն պարագայում, երբ տնտեսությունն ամիս առ ամիս միայն ներքև է գահավիժում:
Հանուն արդարության, իհարկե, պետք է ամրագրենք, որ սրանում, այս պնդման մեջ որոշակի ճշմարտություն կա: Վերջիվերջո, ամենևին էլ պատահական չէ այն, որ մինչ այս տարիների ընթացքում տնտեսությունը շարունակաբար սուզվում էր խորը ճահճի մեջ, Հայաստանում բանկերի՝ բնակչությանը տրամադրվող բազմաբնույթ վարկերի տոկոսադրույքները միայն աճում էին՝ գերշահույթներ ապահովելով առևտրային բանկերին. մինչ բոլորս աղքատանում էինք, բանկերը հարստանում էին:
Հայտնի է, որ տնտեսության համար գերկարևոր նշանակություն ունեցող, երկրում անհատ ձեռնարկատիրությունը խթանող գործոններից մեկն էլ բանկերի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունն է. զարգացած երկրները երբեք չէին հասնի տնտեսական բարձունքների, երբեք չէին կարողանա հաղթահարել աղքատությունն, եթե չունենային այնպիսի բանկային համակարգ, ինչպիսին ունեն այժմ:
Հայաստանում, ի տարբերություն շատ ու շատ բարեկեցիկ երկրների, բանկերից վարկ վերցնելը բնակչության համար մշտապես խնդրահարույց է եղել: Վիճակը հատկապես սրվեց վերջին տարիներին, երբ տնտեսությունը սկսեց գահավիժել ցած, իսկ Հայաստանում բիզնեսով զբաղվելը դարձավ խիստ անշահավետ. մտնել բարձր տոկոսադրույքներով վարկերի բեռի տակ մի պարագայում, երբ ոչ մի երաշխիք չկա, թե հիմնադրած բիզնեսդ ապագա կունենա, թե ոչ, ուղղակի հիմարություն կլիներ: Արդյունքում, ձեռնարկատիրությունը Հայաստանում հետզհետե մոտենում է զրոյական մակարդակի՝ պատճառ դառնալով տնտեսական անկման:
Բանկերի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը նորմալ տեսքի բերելու համար, ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը վերջին ամիսների ընթացքում արդեն երկու անգամ հասցրել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա, պետք է նկատել, գրեթե անիրական մի բան էր հայաստանյան իրականության պայմաններում: Չնայած դրան, սակայն, ԿԲ կողմից կատարված «առատաձեռն» քայլը կարծես այնքան էլ արդյունավետ չեղավ, ու բանկերն այդպես էլ չիջեցրեցին իրենց կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները:
Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, փաստը մնում է փաստ, սակայն, որ այս հարցում Կենտրոնական բանկը խաղում է ոչ այնքան դրական,որքան բացասական դեր. այս ամենը կարող է իրական արդյունք տալ միայն այն պարագայում, եթե ԿԲ-ն իր մեջ ուժ գտնի ու գոնե մի փոքր թուլացնի իր ունեցած լծակները բանկերի նկատմամբ,եթե դրանց չկաշկանդի ու գոնե որոշակի ազատություն տա դրանց՝ ինքնուրույն գործելու, շարժվելու:
Որքան էլ ոմանց ականջին կարող է տարօրինակ հնչել, բայց փաստ է, որ Հայաստանի բանկերը չափազանց մեծ կախվածություն ունեն Կենտրոնական բանկից: Այս կախվածությունը ԿԲ-ն, ճիշտ է, փորձում է բացատրել իր ցանկությամբ՝ լիակատարորեն վերահսկելու բանկերին ու թույլ չտալու դրանց կողմից փողերի լվացման դեպքեր և այլն, բայց արի ու տես, որ այս հարցում կարծես ԿԲ-ն մի փոքր չափն անցել է ու բանկերին լիարժեքորեն զրկել է ազատ գործելու հնարավորությունից: Ու հիմա, չնայած այն բանին, որ բանկերում մոտ 700 միլիոն դոլարի անշարժ գույք կա, սակայն դրամատներն այդպես էլ չեն կարղանում իրենց տրամադրության տակ գտնվող գույքն իրացնել, ինչը նրանց դնում է անելանելի վիճակի մեջ ու ենթարկում ռիսկի. պատճառը Կենտրոնական բանկի ոչ ճկուն քաղաքականությունն է:
Ակնհայտ է՝ Կենտրոնական բանկ-մասնավոր բանկեր հարաբերություններն այն տեսքով, որով այժմ կան, իրենց սպառել են: Արթուր Ջավադյանի թիվ մեկ խնդիրն այժմ պետք է լինի մի այնպիսի կոնցեպտի մշակումը, որը հնարավորինս պրագմատիկ շունչ կհաղորդի այդ հարաբերություններին. բանկերին վերահսկողության տակ պահելու առավել ճիշտ ու գործուն մեխանիզմներ կան, պարզապես պետք է դրանք ներդրվեն նաև Հայաստանում՝ բանկային ոլորտը վերահաս աղետից փրկելու համար:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ