Այսօր կայացավ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի առաջին հոսքի վկայագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Շրջանավարտներին իրենց խոսքն ուղղելու էին եկել նաև պատգամավորներ Խոսրով Հարությունյանն, անկուսակցական Կարեն Բեքարյանը և այլք:
Դպրոցի շրջանավարտներ՝ երիտասարդ հանրապետականներն իրենց ելույթներում առանձնակի շեշտադրումներով հնչեցնում էին քառամսյա ուսուցման ընթացքում իրենց սերտած գաղափարները՝ երդվելով դրանք ծառայեցնել ի շահ հայրենիքի:
Լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց, որ իր զգացողությունները շատ բուռն են, քանի որ ականատես է լինում, թե Անդրանիկ Մարգարյան անունն ինչպես են վառ պահում քաղաքական դաշտում. «Այս դպրոցը հնարավորություն է տալիս կայանալ քաղաքական դաշտում ոչ միայն «Հանրապետական» կուսակցությանն, այլ նաև այլ կուսակցություններին և անկուսակցականներին` նրանց հնարավորություն տալով ընդգրկվել քաղաքականության մեջ: Հայրս միշտ հենվում էր երիտասարդների վրա և բոլորին հնարավորություն էր տալիս կայանալ, քանի որ ապագան հենց երիտասարդներինն է»: