Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ են հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին ստեղծման 25-ամյակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը:
Իր խոսքում Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է հայրենիքի շենացման գործում հիմնադրամի ունեցած ներդրումը:
«Մեկնարկի օրվանից ի վեր հիմնադրամը հավատարիմ է մնացել իր հիմնական աոաքելությանր մեկտեղել մեր ժողովրդի բոլոր հատվածների ջանքերը համազգային խնդիրների ու նպատակների շուրջ: Յուրաքանչյուր հայ, ով անցած տարիներին որևէ հանգանակություն է կատարել «Հայաստան» հիմնադրամին, կարող է վստահությամբ ասել, որ իր նշանակալի լուման ունի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման մեջ։
Ճակատագրի բերումով 10 տարի պատիվ եմ ունեցել ղեկավարելու հիմնադրամը։ Հետադարձ հայացք նետելով ամփոփելով և արդյունքները, գնահատում եմ այդ տարիները որպես հիմնադրամի դինամիկ զարգացման և կայացման շրջան։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելության ապագան ուղղակիորեն կախված է մեզանից համայն հայությունից իբրև հավաքական ուժ, և յուրաքանչյուր հայից իբրև անհատ։ Մենք պետք է բարձր պահենք հիմնադրամի հեղինակությունը անկախ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական պատեհություններից, ձգտենք բոլոր ծրագրերի նպատակային իրագործմանը և դրանց ծավալների ընդլայնմանը»,-ասված է ՀՀ նախկին նախագահի շնորհավորական ուղերձում:
Արկադի Ղուկասյանն էլ նշել է, որ հիմնադրամի ստեղծումը ժամանակի հրամայականն ու պահանջն էր. այն կոչված էր դառնալու հայրենիքի շուրջ համայն հայության համախմբման, կառույցների և անհատների փոխգործակցության յուրահատուկ մի հարթակ:
«Հայության համար ծանր և ճակատագրական օրերին հիմնադրամը եկավ համալրելու Հայրենիքին սատարելու գործին լծված աշխարհասփյուռ կազմակերպությունների և առանձին անհատների շարքերը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ հաստատվեց ՀՀ-Արցախ-Սփյուռք համագործակցության մշտական մի ձևաչափ, որի շրջանակներում արդեն 25 տարի է, ինչ ուրվագծվում են համազգային առաջնահերթություններ, ձևավորվում օրակարգեր ու հաջողությամբ կյանքի կոչվում դրանցից բխող բազմաթիվ ազգօգուտ ծրագրեր: Մեր իրականության մեջ եզակի այս կառույցի անմիջական մասնակցությամբ անցած քառորդ դարի ընթացքում հաջողվեց էապես հաղթահարել պատերազմի հետևանքներն Արցախում, պատկառելի աշխատանք է կատարվել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած աղետի գոտում»,-նշել է Ղուկասյանը: