ՕԵԿ-ի և՛ 2003-ի, և՛ 2007-ի ծրագրերում կայուն քաղաքական համակարգի ձևավորման համար կարևորված էր ոչ միայն «ազատ և արդար ընտրությունների անցկացումը», այլ նաև աջակցությունը «իրապես անկախ մամուլի» ձևավորմանը: Այս ամենը կուսակցությանն այնքան հաջողվեց, որքան 2003-ի ծրագրում ընդգրկված՝ «Սևանի կոլեկտորի կառուցում և անտառների վերականգնում» դրույթը :


Առավել ուշադրության է արժանի 2007 թվականի ծրագիրը, որը վերընթերցելով՝ հասկանում ես, թե ինչու էր Հայաստան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունը 2007-ի ապրիլի 13-ին իր հայտարարության մեջ նշել. «Մի քանի վերապահումներով՝ պատվիրակությունը չկարողացավ հայտնաբերել շեշտված տարբերություններ՝ ընտրապայքարի մասնակիցների քաղաքական ծրագրերում»:

 

ՕԵԿ-ի 2007-ի ծրագրի «Իրավունք և օրինականություն» բաժնում ընթերցելով «Օրենքի երկրում ուժեղներն արդար են, թույլերը՝ պաշտպանված» դրույթը՝ անմիջապես մտածում ես՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ականջը կանչի: Հիշեցնենք, որ վերոհիշյալ դրույթն այս կուսակցության կարգախոսն էր: Քիչ անց ստիպված ես լինում հիշել ՀՅԴ-ին, քանզի ՕԵԿ-ն էլ է իր նախընտրական ծրագրում խոստացել. «Կոռուպցիայի դեմ վճռական պայքար»: Նման են նաև այս երկու կուսակցությունների ծրագրային դրույթները սոցիալական ոլորտում՝ մասնավորապես այս մասով. «Յուրաքանչյուր ծնվող երեխայի, յուրաքանչյուր նորաստեղծ ընտանիքի՝ պետությունը պետք է հատկացնի ֆինանսական աջակցություն»:


ՕԵԿ 2007-ի ծրագիրը հարուստ էր բազմաթիվ խոստումներով,: Ասենք, նշված էր՝ «վերսկսել Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը», «նորաստեղծ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման և ընտանիքի կազմավորման համար երկարաժամկետ հիփոթեքային վարկեր» տրամադրել և այլն: Սակայն այս ամենի իրականացման ռեսուրսներն այնքան էլ պարզ չէին, մանավանդ այն պայմաններում, երբ «Օրինաց երկիր»-ը նաև ցանկանում էր «նվազեցնել հարկերը և տուրքերը՝ հենվելով միջազգային փորձի վրա», արտոնություններ տրամադրել նոր գործարկված ձեռնարկություններին և մինչեւ 2 տարի ժամկետով ազատել որոշակի հարկերից, «զարգացման լայն հնարավորություն ունեցող, սակայն հարկային պարտքերով ծանրաբեռնված և ճնշված ձեռնարկությունների ապառքները որպես բյուջետային վարկ» ձևակերպել, իջեցնել ոռոգման ջրի սակագինը և այլն:ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՕԵԿ-ը 2012-ին իր քարոզարշավը կառուցեց սեփական նախընտրական ծրագրի, դրանով սահմանվող «նորարարությունների» վրա:


Հիմնական շեշտադրումներով այն քիչ էր տարբերվում 2007թ.-ին ներկայացվածից, բայց սուր անկյուններն այստեղ ևս խնամքով հղկված են: Ծրագրում ներառվել են քայլեր, որոնք կուսակցությունը օրենսդրական ոլորտում ձեռնարկել է դեռ նախորդ գումարման խորհրդարանում, բայց չի կարողացել ավարտին հասցնել՝ մեծամասնություն կազմող կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին ավելորդ հոգս չպատճառելու «կառուցողական» մոտեցումից ելնելով: Արդյունքում, դեռ 2007-ից ՕԵԿ հեղինակած բազմաթիվ օրինագծեր առ այսօր մնում են օդում կախված:


Քանի որ ՕԵԿ-ը 2012-ից հետո ևս ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակն ընտրեց, ակնհայտ էր, որ շարունակելու էր իր ծրագրի զոհաբերման գնով «խնայել» քաղաքական մեծամասնությանը: Հետևաբար, ծրագրային դրույթներն առաջիկա հնգամյակում կենսագործվելու նույնքան շանս ունեին, որքան նախորդ գումարման ԱԺ-ում: Միանգամայն հնարավոր է, որ այդ դրույթները բարեհաջող հանգրվանեն նաև 2017թ. ՕԵԿ նախընտրական ծրագրում:


Այս կուսակցությունը տևական ժամանակ է՝ փորձում է իր շուրջը մարդիկ հավաքել, խաբելով, թե Արթուր Բաղդասարյանը կվերադարձնի նրանց սառեցված ավանդները, և որպեսզի այդ գործընթացի երկրորդ փուլի մեկնարկը տրվի, ՀՎԿ-ն մարդկանց հրավիրում է ցուցակագրվելու: Քանի որ դեռ կան միամիտ մարդիկ, որոնք հավատում են նման հեքիաթների, ՀՎԿ-ում ակտիվորեն նաև ցուցակագրվում են: Բայց այս հարցում սառույցը սկսել է հալվել, և կամաց-կամաց մարդիկ սկսել են հասկանալ, որ ՀՎԿ առաջարկը հեքիաթի ժանրից է:


2012թ.-ին էլ ՕԵԿ-ը հազիվ հայտնվեց խորհրդարանում: Իհարկե, այն ժամանակ էլ ՕԵԿ-ը 5 տոկոս շեմը չէր հաղթահարել, սակայն իշխանությունները պարտադրված էին օգնել ՕԵԿ-ին, քանի որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, և ՀՀԿ-ականներն ասում էին, որ իրենք տվեցին ՕԵԿ-ի պարտքը: Բաղդասարյանը իշխանություններին ասում էր, որ իր և կուսակցության վարկանիշը զրոյից ներքև չէր լինի, եթե ինքը գոնե չեզոքություն դրսևորեր և ոչ թե պաշտպաներ Սարգսյանին: Եվ քանի որ ինքը Սարգսյանին պաշտպանելու պատճառով կորցրել է սեփական կուսակցության և անձի վարկանիշը, դրա փոխարեն՝ իշխանություններն էլ պետք է իրեն օգնեն՝ գոնե կորցրածի մի մասը հետ բերելու համար:

 

Այժմ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշել է կուսակցությունը ռեբրենդինգ անել՝ անվանափոխել և առաջարկում է «քվեարկել հանուն վերածննդի». Բաղդասարյանին թվում է, որ իր ստեղծած կուսակցության դժբախտությունը կայանում է անվան մեջ, մարդիկ այլևս չեն հավատում և չեն վստահում ՕԵԿ-ին, քանի որ այս կուսակցությունն այնքան է խաբել մարդկանց, որ նույն անվան տակ 2017-ին հերթական անգամ խաբելն ուղղակի անհնար է թվում: Այսինքն՝ ընտրողին խաբել են ոչ թե ՕԵԿ-ը ներկայացնող գործիչները, այլ կուսակցությունը, և բավարար է փոխել կուսակցության անունը, ամեն ինչ կընկնի իր տեղը...

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ