Երբ փորձ էր արվում Հայաստանում նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու, ու ոմանք ամեն կերպ ջանում էին Հայաստանի պայծառ ապագան կապել հենց վերոհիշյալ փաստաթղթի հետ, քչերը, թերևս, կարող էին երևակայել, որ պրակտիկայում այն կստանա այնպիսի անհանդուրժելի դրսևորումներ, որոնց մասին նույնիսկ իրենց գիշերային սարսափելի երազներում՝ քչերը կպատկերացնեին. այն, ինչ տեղի է ունենում «ռեյտինգային ընտրակարգ» կոչվող նորամուծության պատճառով, այլ կերպ, քան իսկական խայտառակություն, ոչ մի կերպ չես համարի. Ընտրական օրենսգրքի «հերն անիծում են»՝ մի այլ կարգի:


Իհարկե, ասել, թե հանրապետությունում որևիցե ընտրատարածք զերծ է դատապարտելի ու անհանդուրժելի երևույթներից, ցավոք, ոչ մի կերպ չենք կարող, բայց այն, ինչ կատարվում է հատկապես մարզերում, ուղղակի աննկարագրելի է:

 

Ասպես՝ պարզվում է՝ Գեղարքունիքի մարզում նախընտրական կրքերը չափազանց ինքնատիպ դրսևորումներ են հետզհետե սկսում ստանալ, ու թեկնածուները կամ դրանց սատարող պաշտոնյաները, կանգ չառնելով ոչնչի առաջ, անում են իրենցից կախված ամեն բան, հնարավորն ու անհնարինը՝ ապրիլի 2-ին պարտված չհռչակվելու համար. փող է, որ ֆռռացնում են:


Մասնավորապես՝ մամուլում վերջին օրերին ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն, ով խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում առաջադրվել է ռեյտինգային ցուցակով, ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել. տեղի երիտասարդներին 5000‐ական դրամներ է բաժանում GoodWin խաղային ապարատներով խաղալու համար՝ այդպիսով երիտասարդության շրջանում առաջացնելով շահագրգռվածություն՝ ապրիլյան ընտրություններին իրեն ձայն տալու համար:


Մեկ այլ լուրի համաձայն էլ՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն օրերս իր մոտ է հրավիրել մարզի գյուղապետերին՝ հանձնարարելով նրանց՝ աշխատել բացառապես իր օգտին՝ այդ անելու համար նրանց խոստանալով 5000-ական դոլար գումար:


Եվ այսպես՝ ի՞նչ կարելի է այսքանից հետո ասել: Փաստորեն, գործ ունենք մի կողմից՝ մատաղ սերնդին գայթակղել փորձող թեկնածուի, մյուս կողմից՝ փողերի մեջ լողացող ու այդ գումարների հետ ինչ անել՝ այլևս չիմացող մարզպետի հետ. մեկը հանուն իր ձայների՝ երիտասարդներին խաղամոլության է դատապարտում, մյուսն էլ, հանուն ինքնահաստատման՝ չի խնայում ոչինչ ու ոչնչի առաջ կանգ չի առնում:


Հիմա հարց է ծագում՝ արդյոք նոր Ընտրական օրենսգիրքը կատարյալ չարիք չդարձա՞վ մեր գլխներին, արդյոք ընտրությունը, որպես երևույթ ու հասկացություն, չի՞ ապականվում այնպես, որ մարդու մոտ ընդմիշտ կորչի ցանկությունը՝ գնալու, սեփական մասնակցությունը բերելու ցանկացած տեսակի քաղաքական ընտրություններին: Հետո էլ կլսես բողոքներ այն մասին, որ մարդիկ հիասթափված են, ակտիվ չեն մասնակցում քաղաքական ընտրությունների և այլն: Անկասկած, նմանատիպ երևույթներն են, որ հասարակության մեջ խորը հիասթափություն են առաջ բերում, թողնում անցանկալի հետքեր, որոնք երբեք չեն ջնջվում:


Այս ամենի առաջն առնելու համար, սակայն, ընդամենը մեկ ձև կա. հարկավոր է, որպեսզի յուրաքանչյուր շարքային ընտրող՝ սեփական ընտրությունը գիտակցված կերպով կատարի, չտրվի, ասենք, միայն 3 օրվա ապրուստի համար բավարարող ընրակաշառքի գայթակղությանն ու ունենա բավարար վճռակամություն՝ «ո՛չ» ասելու պախարակելի երևույթներին. սեղանին Հայաստանի ճակատագիրն է, ու այն առևտրի առարկա դարձնելն ուղղակի անթույլատրելի է…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ