Այսօր, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով լրագրողների այն դիտարկմանը, թե Ավան վարչական շրջանում բավականին լարված իրավիճակ է, այնտեղ պայքարը ընթանում է իր աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի և նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի միջև, ասաց. «Թե′ Միհրան Պողոսյանը, թե′ Սարգսյան Ռոբերտը, թե′ Ղուկաս Ուլիխանյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներ են, իրենք միմյանց դեմ չեն մրցում»:
Դիտարկմանը, որ այս շրջանում, հատկապես տարբեր վարչական շրջանների ղեկավարներ, օգնություն են բաժանում քաղաքացիներին, դա ընտրակաշառքի մի ձև է, Մարգարյանը պատասխանեց. «ինչպես ամեն տարի, այս տարին ևս բացառություն չէ և քաղաքացիներին օգնություն է բաժանվում. ունենք հանձնաժողով, քաղաքացիները դիմում են, սոցիալապես անապահովներին միշտ էլ աջակցել ենք, այնպես չէ, որ եթե քարոզարշավ է, ուրեմն պետք է քաղաքապետարանի դռները փակվեն»:
Քաղաքապետն անդրադարձավ նաև իր հետագա անելիքներին, իսկ թե որտեղ է իրեն պատկերացնում այս ընտրություններից հետո՝ խորհրդարանո՞ւմ, թե՞ գործադիր մարմնում, միանշանակ պատասխան չտվեց. «ՀՀԿ խորհուրդը կորոշի: Կուսակցական կարգապահությունը կպահեմ, բայց ինձ տեսնում եմ գործադիրում»: