Ինչպես արդեն ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել է, այսօր «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Զարուհի Փոստանջյանը հայտարարեց նոր քաղաքական պլատֆորմ ստեղծելու մասին: Համագումարից հետո, լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Գաղափարը միշտ կար, որը պետք է իրագործվեր քաղաքական պլատֆորմի ներքո: Կային առաջարկներ մեր հայրենակիցների կողմից, և իմ մեջ կար այդ գաղափարը»:
Հարցին՝ կարող ենք ասել՝ այդ գաղափարը առաջացավ, երբ դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցությունից, նշեց՝ պատճառը միայն դա չէր. «Այդ իրադարձությունները խթանեցին այս գործընթացը: Սեպտեմբերի 21-ին ես հռչակագիր էի հրապարակել Եռաբլուրում, որտեղ կար այդ հիմնական դրույթը և գիծը»:
Նորաստեղծ կուսակցության համագումարին ներկա էր նաև Հ. Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, հարցին՝ հնարավո՞ր է ինքը ևս միանա կուսակցությանը, նա նշեց՝ կյանքը ցույց կտա: Զարուհի Փոստանջյանն էլ հավելեց՝ կյանքը ցույց կտա՝ շեշտելով, որ մշակութային մասով Թուխիկյանն է աջակցել իրենց:
Անդրադառնալով կուսակցության ֆինանսական ապահովմանը՝ Փոստանջյանն ասաց, որ մեր սփյուռքի հայրենակիցներն, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն պատրաստ են աջակցել իրենց:
Նշենք՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն ամենատարբեր մասնագիտություններն ունեն՝ իրավաբաններ, ինժեներներ, քիմիկոլոգ, պատմաբան:
Դիտարկմանը՝ թե ով կլինի կուսակցության ղեկավարը, արդյոք կսատարեն իրենց այլ ուժեր կամ իրենք կսատարեն որևէ մեկին առաջիկա ընտրություններին, Զարուհի Փոստանջյանը ձեռնպահ մնաց որևէ բան ասելուց՝ նշելով, որ այդ հարցերը քննարկելու են նախաձեռնող խմբով:
Զարուհի Փոստանջյանի խոսքելով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին նշեց, որ այն դիտարկում են ապագաղութացման տիրույթում. «Մենք հասկանում ենք, որ այսօրվա գործող սահմանը, որը քեմալաբոլշևիկյան գործարքի հետևանք է, պետք է վերանայել և մենք ունենք պահանջատիրություն և դրա վերաբերյալ մեր իրավական և քաղաքական դիրքորոշումը, որը գնում է հետվերադարձ դեպի 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությանն ու որոշմանը»:
Հիշեցնենք, որ նորաստեղծ քաղաքական պլատֆորմը կրում է «Երկիր ծիրանի» անվանումը, կուսակցության կարգախոսը «Դեպի Արարատ»: