Այսօր՝ մարտի 16-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչների հետ:
Չնայած ձյունառատ եղանակին՝ գյուղի բնակիչների մեծ մասը եկել էր այս հանդիպմանը:
Ինչպես տեղից հայտնում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը, մաստարեցի մի տատիկ, դիմելով Գագիկ Ծառուկյանին, ասաց. «Կոմունիստների վախտ աշխատատեղ կար, աշխատում էինք, 60 ռուբլի աշխատավարձ էինք ստանում, քեզնից էլ լավ էինք ապրում»: Տատիկին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է պայման ու հնարավորություն ստեղծվի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար հարկերից ազատում լինի, գործարաններ բացվեն:
Մի պապիկ էլ կարծիք հայտնեց, որ երկրից արտագաղթած ժողովրդին հետ բերելու համար անհրաժեշտ է գործարաններ բացել: Հիշեցրեց՝ Մաստարայում ժամացույցի գործարան է եղել, որտեղ մարդիկ կարողացել են աշխատել ու ապրել հարազատ գյուղում:
Գագիկ Ծառուկյանը կրկնեց՝ այդ խնդիրների լուծման համար պետք է ժողովուրդը իր վստահության քվեն տա այս դաշինքին, որն էլ իրագործելով իր կողմից առաջարկած տնտեսական ծրագրերը, կկարողանա աշխատատեղերի խնդիրը լուծել: