«Ես ձեր ծոցից ելած մեկն եմ, ձեզանից մեկն եմ, ով առաջադրել է իր թեկնածությունը, ես չեմ ընտրվելու և անհայտանալու մյուսների պես»:

 

Այս մասին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող քարոզարշավի շրջանակներում կազմակերպված հանդիպումներից մեկում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը, ով ՀՅԴ կուսակցության վարկանիշային ցուցակով առաջադրվել է Գեղարքունիքի մարզում:

 

Իշխան Սաղաթելյանն ասում է, որ ռեյտինգային թեկնածու է առաջադրվել, որպեսզի գնա խորհրդարան և իրականացնի ՀՅԴ-ի քաղաքական պլատֆորմի ծրագրերը, քաղաքական տեսլականը, որն ունի «Դաշնակցություն»-ը՝ տարբեր բնագավառների վերաբերյալ:

 

«Ես ինչ եմ խոստանում իմ մարզի բնակչությանը. որ ընտրվելու դեպքում՝ մարզի բոլոր քաղաքներում՝ Վարդենիս, Ճամբարակ, Մարտունի, Գավառ և Սևան, ունենալու եմ մշտապես գործող պատգամավորական գրասենյակներ, որտեղ յուրաքանչյուր ամիս հանդիպումներ կկազմակերպվեն քաղաքացիների հետ: Լսելու ենք մարդկանց հոգսը, խնդիրը, փորձելու ենք դրանց լուծում տալ: Մեր տարածքի բնակչությունը պետք է հասկանա՝ ուզում է կրկին «խուլ ու համր» պատգամավո՞ր, որի խոսքը հինգ տարիների ընթացքում որևէ մի անգամ չի լսել, թե՞ ուզում է մարդ, ով տարվա մեջ 365 օր, օրը 24 ժամ՝ իր կողքին է լինելու: Իմ հեռախոսահամարը մարզի բնակչության համար օրը 24 ժամ հասանելի է լինելու»,- ասում է Իշխան Սաղաթելյանը»: