Նախատեսել ենք բազմաթիվ բարեփոխումներ և շատ ակտիվ գնալու ենք այդ ուղղությամբ. Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզում ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 18-ին այցելել է Գեղարքունիքի Ճամբարակ, Այգուտ համայնքներ, այնուհետև ՀՀ Տավուշի մարզ:

Դիլիջան, Իջևան, Բերդ, Պառավաքար, Նոյեմբերյան, Սարիգյուղ և Զորական համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները:


«Մեր թիմն այսօր հայտ է ներկայացրել և ասում է հետևյալը. մենք շատ լավ գիտենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիրներ, դժվարություններ և առավելություններ ունենք: Գիտենք ուր ենք ցանկանում հասնել, ինչ նպատակներ ենք դրել, իսկ դրանք հավակնոտ են և իրատեսական, գիտենք ինչպես դրանց հասնել և ում միջոցով: Մեր ծրագիրը համալիր կերպով խոսում է բոլոր այն խնդիրների մասին, որոնք ծառացած են մեր երկրի առջև»,- դիմելով մարզի բնակիչներին՝ ասել է Կարեն Կարապետյանը:


ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի խոսքով, անկախության ճանապարհին հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ցեղասպանություն, պատերազմներ: «Այս 25 տարիների ընթացքում մենք լուծե՞լ ենք բոլոր խնդիրները, սա՞ է մեր երազած երկիրը, իհարկե՝ ոչ: Ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ և բաց ասում ենք այդ մասին: Ունեցել ենք հաջողություններ, բացթողումներ և սխալներ, ինչի մասին համարձակ նշում ենք և չենք հիշում որևէ այլ ուժի, որը նույն կերպ է վարվել: Այդ սխալները եղել են և օբյեկտիվ, որոնք պայմանավորված են եղել տարածաշրջանային մարտահրավերներով, սպառնալիքներով, չկամեցող հարևաններով: Այդ փորձը կարող է դրական մեծ դեր խաղալ և հաջորդ անգամ նույն թակարդն ընկնելու հավանականությունը փոքր է»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն գնահատել է սխալները, դրանց հիման վրա կատարել եզրակացություններ ու թիմի ներսում խոսել բաց ու ազնիվ: «Այդ ամենի հիման վրա էլ հայտարարել ենք, որ պետք է փոխվենք ու փոխենք: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ արդեն որոշակի ազդակներ տվել ենք ու կարող եք տեսնել թիմի նոր անդամների, որոնք բանիմաց են, հայրենասեր և պրոֆեսիոնալ»:


Կարեն Կարապետյանի խոսով, ՀՀԿ ներկայացրած ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալը. Ախշտորոշվել են մեր երկրի, քաղաքացու առջև ծառացած բոլոր խնդիրները, մշակվել է զարգացման տեսլականը; Ընդ որոում, ախտորոշման մեջ սկզբունքորեն ֆիքսվել են բոլոր հիվանդություննեը, հստակ ձևակերպվել է ՀՀԿ-ի վերաբերմունքն Արցախի ու սահմանների պաշտպանության նկատմամբ: «Սիրելի ժողովուրդ, կարծում եմ, դուք շատ լավ հասկանում եք դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը, որովհետև այդ ծանրության մեծ մասն ընկած է նաև ձեզ վրա: Այն ծրագիրը, որը ներկայացրել ենք, շատերը կարող են ասել, թե այն ընդամենը խոստումներ ու խոսքեր է: Տավուշի մարզում ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 27 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում կստեղծվի 1900 նոր աշխատատեղ: Մարտի վերջին կներկայացնենք կառավարության վեցամսյա գործունեության հաշվետվությունը. բոլոր այն կետերը, որոնք նախանշել էինք, իրականացրել ենք: Երբ մշակում էինք վեցամսյա ծրագիրը, մեր գործընկերներից շատերն ասում էին՝ գուցե շատ բարձր նշաձող ենք սահմանել: Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2017 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ունենք արդյունաբերության 16 տոկոսի աճ, այդ թվում՝ ոսկեգործության՝ 340, խմիչքների արտադրության՝ 150, հանքարդյունաբերության՝ 107, ընդհանուր ապրանքների արտահանման՝ 36 տոկոսի աճ և այլն»,- ընդգծել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը՝ ավելացնելով, որ 2017-ի առաջին երկու ամսիների ընթացքում սեփական եկամուտների առումով արձանագրվել է 10,9 տոկոսի աճ, ինչը կազմում է 16 միլիարդ դրամ: «Առաջին անգամ ընկել ենք մի ուղու վրա, որ տարեվերջին կունենանք մեր պլանավորածից ավելի եկամուտներ:

Այստեղ այդքան թվերը չեն կարևոր, որքան բովանդակությունը. գիտեք, որ բազմիցս ասել ենք՝ ստեղծագործ, աշխատող, գործարար մարդու համար պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ, և այսօր հարկային դաշտում կանխավճարների ավանդույթը, որն ունեցել ենք, չկա: Ավելին աշխատում ենք կանխավճար ունեցող բոլոր ընկերությունների հետ՝ դրանք մաշեցնելու ուղղությամբ: Այսինքն, եթե մենք շարունակեինք նախկին տենդենցով՝ հարկային եկամուտների թիվն ավելի շատ կլիներ»,- շեշտել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ հարկային դաշտում սկզբունքորեն նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը, գերիշխող մատակարարների դաշտում չկա որևէ ապրանքատեսակ, որի մատակարարման քանակն աճ արձանագրած չլինի, իսկ Ամանորի նախաշեմին, երբ մշտապես սպասվում է սպառողական գների աճ, այն զսպվել է: Կառավարության ղեկավարի խոսքով, բազմաթիվ երկրների քաղաքացիների համար դյուրացվել է մեր երկրի վիզային ռեժիմը, որպեսզի զբոսաշրջիկների թիվն ավելանա: Այսուհետ ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրարերով և այս տարի, ըստ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի, միայն ՌԴ-ից ակնկալվում է զբոսաշրջիկների կրկնակի աճ:


Ներկայացնելով կրթական համակարգի բարեփոխումների փիլիսոփայությունը՝ ՀՀԿ առաջին փոխնախագահը, մասնավորապես, ասել է. «Գյուղական համայնքների կրթությունը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև մեր ամենատաղանդավոր մարդիկ գյուղական համայնքներից, փոքր համայնքներից են դուրս եկել: Եթե այսօր մեր երեխաների համար լավ կրթություն չապահովենք, մեր երկրի վաղվա օրն ենք վտանգի տակ դնելու: Մենք պետք է ապահովենք նորմալ կրթություն և մեր սահմանամերձ, և գյուղական համայնքներում: Մենք վերանայելու ենք առկա ծրագրերը, մասնավորապես, բնական գիտությունների, բիզնեսի, ֆինանսական և ՏՏ ոլորտներում, որպեսզի երեխան դպրոցն ավարտելուց ավելի ժամանակակից լինի: Մենք գիտենք, որ դպրոցների մանկավարժներն ունեն սոցիալական փաթեթ, իսկ նախադպրոցական և արվեստի մասնագիտական կրթական հաստատությունների մանկավարժները չունեն: Անպայման պետք է անդրադառնանք այդ անհավասարաչափությանը»:


Երիտասարդներին մատչելի պայմաններով բնակարանների տրամադրման և, մասնավորապես, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների առնչությամբ Կարեն Կարապետյանը նշել է. «Հոկտեմբեր ամսից առ այսօր մենք չորս անգամ նվազեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որը բացահայտ կամ ոչ բացահայտ պետք է ազդի հիփոթեքային տոկոսադրույքների վրա: Բանկը նույն բիզնեսն է, որը փող է վաճառում: Այսօր մեր բանկային շուկայում ընդամենը 9 տոկոս փողն է դրսից բերված, 91 տոկոսը մեր ավանդատուների, մեր քաղաքացիների փողն է: Մենք համարում ենք, որ այսօրվա շուկայական տոկոսադրույքը բարձր է և չի նպաստում տնտեսության աշխուժացմանը: 2016 թ. բանկերն ավարտել են բավական մեծ շահույթով և առաջարկի ավելցուկ ունեն: Այս մրցակցության պայմաններում այդ շուկայի տոկոսադրույքները նվազելու են: Ի՞նչ ենք անելու մենք: Մեր կողմից ստեղծվող հիմնադրամների՝ Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և այլ հիմնադրամների միջոցներով շուկա ենք բերելու էժան փող, որը լինելու է սահմանափակ: Բայց դրանով բանկային մրցակցությունն ավելի կոշտանալու է և բանկերի՝ իրենց տոկոսադրույքները թելադրելու կամ առաջարկելու մոտիվացիան, հնարավորությունը պակասելու են»:
Պետական համակարգում երիտասարդների ներգրավման հարցի մասին խոսելով Կարեն Կարապետյանը նշել է, որ այս առումով որոշակի խնդիրներ կան. «Այսօր այնպիսի ատեստավորում ենք անում, որ անպայման փորձ ունենա: Բայց, օրինակ, տաղանդավոր երիտասարդ է, կարող է պետական համակարգ գա, աշխարհ շուռ տա, բայց փորձ չունի, համակարգ մտնելու հնարավորություն չունի: Իսկ մենք արյուն փոխելու, չինովնիկներին շարժելու, ժանգոտած վիճակից դուրս բերելու խնդիր ունենք»:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև սոցիալական ոլորտի բարեփոխումներին և նշել, որ փոփոխություններ են կատարվել սոցիալական ապահովության «Փարոս» համակարգում:՛ «Դրանք դեռևս թղթի վրա են, բայց այնտեղ արդեն ունենք բավական մեծ տնտեսում՝ չվնասելով այն մարդկանց քանակը, ում իրականում օգնությունը պետք է հասնի: Մենք պետք է սոցիալական ապահովության համակարգը փոխենք աշխատող, աշխատունակ մարդուն մոտիվացնող համակարգի: Այդ հարցն անպայման լուծելու ենք»:

Խոսելով սահմանամերձ համայնքների վերաբերյալ՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ դրանք գնտվում են կառավարության ուշադրության կենտրոնում և ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում ամրագրված են այդ համայնքների բնակիչների սոցիալական վիճակի բարելավման, ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված հստակ քայլեր:

«Չափազանց կարևոր փուլ է բոլորիս համար, պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը, որ ընտրում ենք մեր վաղվա օրը: Մեր երկիրը մեր փոխարեն ոչ ոք չի կառուցելու: Նախատեսել ենք բազմաթիվ բարեփոխումներ, և շատ ակտիվ գնալու ենք այդ ուղղությամբ: Ուսումնասիրել եմ վերջին տարիների ամենահաջողակ երկրների փորձը, որոնք կարողացել են արագ իրենց վիճակը փոխել, շատերի հետ խոսել եմ, ուսումնասիրել բավականին մեծածավալ գրականություն, և եկել եզրակացության, որ մենք որևէ պակաս բան չունենք, որպեսզի ունենանք ֆանտաստիկ, լավ պետություն, որպեսզի բոլորս հպարտանանք մեր երկրով: Մենք ուղղակի պետք է հասկանանք մի բան, որ դա անելու ենք մենք ու եթե որևէ մեկս որդեգրի պասիվ դիրքորոշում՝ կուշացնենք այդ գործընթացը»,- ասել է Կարեն Կարապետյանը: