ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցության ընթացքը և ընդլայնման հնարավորությունները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարարը երախտագիտությամբ փաստել է, որ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին նշանակալի օգնություն է ցուցաբերում՝ անհատույց տրամադրելով բժշկական սարքավորումներ, իրականացնելով կրթական և շարունակական մասնագիտական զարգացման ծրագրեր։
Ճապոնացի մասնագետները հայ գործընկերների հետ կիսվել են աղետների ժամանակ բժշկական օգնության կազմակերպման և, ընդհանրապես, աղետների դեմ պայքարում ունեցած հարուստ փորձով։
Նախարարն առաջարկել է ընդլայնել առողջապահության ոլորտում կրթական ծրագրերը՝ դրանք կազմակերպելով նաև Հայաստանում։ Լևոն Ալթունյանը կարևորել է նաև բժշկական սարքավորումների մասնագետների վերապատրաստումները, քանի որ Հայաստանի բուժհաստատություններում ճապոնական սարքավորումները զգալի ծավալ են կազմում։
Նախարար Ալթունյանին հետաքրքրել է առողջապահության ֆինանսավորման և բժշկական ապահովագրության կազմակերպման ճապոնական փորձը, ինչը դեսպանը ներկայացրել է ընդհանուր գծերով։
Երկուստեք կարևորվել է առողջ կենսակերպի ներդրման և այլ ոլորտներում ևս փոխգործակցության եզրեր գտնելը։