Անգլիական Reuters լրատվական գործակալությունը մարտի 22-ին Լոնդոնում Անգլիայի խորհրդարանի վրա կատարված հարձակումից հետո Էրդողանի հետ կապված սկանդալային գրառում է կատարել:

Այս մասին հայտարարում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Անգլիական լրատվական գործակալությունն իր թվիթերյան հաշվում անդրադարձել է մարտի 22-ի առավոտյան Էրդողանի կողմից Եվրոպայի և արևմուտքի հասցեին արված հայտարարությանը:

Էրդողանը, եվրոպական երկրներին մեղադրելով ահաբեկչությանը օժանդակելու մեջ, ասել էր. « Եթե դուք շարունակեք վարվել այդպես, ապա վաղը եվրոպացիները աշխարհի ոչ մի հատվածում չեն կարողանա անվտանգ և հանգիստ քայլել փողոցում»:

Reuters-ը թվիթերյան էջում կատարված գրառման մեջ Էդողանի արտահայտությունները որակել է որպես նախազգուշացում և հանձնարարական ահաբեկչության իրականացման համար:

Մարտի 22-ի երեկոյան միջազգային մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հարակից տարածքում կրակոցների մասին:

BBC-ի փոխանցմամբ' բրիտանական ոստիկանությունը հաղորդել է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանների կողմից, սակայն մինչ այդ նա եղել է մեքենայով և վարել է անցորդների ուղղությամբ, ինչից հետո դուրս է եկել մեքենայից և դանակահարել ոստիկանին: