«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրը ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է:
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ղարաբաղյան հարցի շուրջ այսքան ընդլայնված խոսակցությունները, և անգամ տպավորություն է, թե ինչ որ նոր՝ պատասխանատու փուլ ենք մտել և պետք է ինչ որ մեսիջներ տալ, ինչո՞վ է պայմանավորված այդ հրատապությունը, Առաջին նախագահը պատասխանեց.
«Ղարաբաղի հարցն ինձ համար միշտ է եղել այժմեական, մի՛շտ, առաջին օրվանից, երբ ընտրվեցի Գերագույն խորհրդի նախագահ, մեր գլխավոր հարցը սա է եղել: Ամբողջ այս 20 տարիների ընթացքում ես եղել եմ քաղաքականության մեջ, թե չեմ եղել՝ 10 տարի չեմ եղել, ես ուրիշ առաջնահերթություն չեմ տեսել. սա մեր երկրի գլխավոր հարցն է: Այդպես է լինում՝ նոր անկախացած պետությունները սովորաբար ունենում են մեկ գլխավոր խնդիր, եթե ունեցել են կոնֆլիկտներ հարևանների հետ: Առաջինը պետք է լինի կոնֆլիկտների լուծման խնդիրը, որը մինչև հիմա լուծված չէ»,- ասաց Լևոն Տեր Պետրոսյանը՝ հավելելով, որ ինքը համաձայն չէ լրագրողի հետ, թե այսօր բանակցություններ չկան. «Մոսկվա են գնում, Սերժ Սարգսյանը նոր գնաց Մոսկվա, ինչի՞ մասին են խոսում Ձեր կարծիքով»: