ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մարտի 28-ին ժամը 13:00-ի սահմաններում, մահացու վիրավորում ստացած 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրված Ապրիլյան պատերազմի հերոսներից էր: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը:
Արտակ Ռաֆայելյանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ էր, անապահով ընտանիքից. «Ընտանիքի ավագ որդին էր: Ընտանիքում ապրում էին հայրը, մայրը և փոքր եղբայրը: Նա Գինեսի ռեկորդակիր էր, պառկած դիրքում 11.000 անգամ հենում-ծալում վարժություն էր կատարում»,- ասաց Աշոտ Միքայելյանը:
Մեր զրուցակցի բնութագրմամբ՝ Արտակը խելացի ընտանիքի զավակ էր. «Աշխատող տղա էր, հայրենասեր, շատ լավ գնդացրորդ ու ծառայող էր: Ապրիլյան պատերազմի այն մասնակիցների թվում էր, որոնց նախագահը պարգևատրեց»:
Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մահվան դեպքի առթիվ: