Խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են, ու հայտնի են այն քաղաքական ուժերի անունները, որոնք, գտնվելով մրցունակ, հնարավորություն են ստանալու ընդգրկվել նոր խորհրդարանում: Ինչպես և ցանկացած խոշոր իրադարձություն, հայաստանյան խորհրդարանական ընտրությունները ևս, պետք է նկատել, դուրս չէին մնացել համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների ուշադրությունից:
Հայաստանյան ընտրությունները լուսաբանելու համար այստեղ էին ժամանել միջազգային 31 ԶԼՄ-ներ ներկայացնող շուրջ 100 լրագրողներ: BBC, «Associated Press», «Ֆրանսպրես», Ռուսաստանի «Առաջին ալիք», «РИА Новости», ТАСС. սրանք ընդամենը մի մասն են այն հեղինակավոր ԶԼՄ-ների, որոնց լրագրողները ժամանել էին Հայաստան՝ լուսաբանելու Հայաստանի համար թիվ մեկ կարևորություն ներկայացնող քաղաքական իրադարձությունը: Շատ հեղինակավոր համաշխարհային ԶԼՄ-ներ ևս, ինչպիսիք են ասենք «The Washington Post»-ը, «Al-Jazeera»-ն, «Deutsche Welle»-ն, «Russia Today»-ը, «ABC News»-ը, «Fox News»-ը, «Business Standard»-ը և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ ևս անդրադարձել էին ընտրություններին:
Եթե փորձենք ամփոփ ներկայացնել արտասահմանյան ԶԼՄ-ների կատարած անդրադարձերն ու դրանցում կատարված հիմնական շեշտադրումներն, ապա պետք է դրանք հստակորեն բաժանենք երկու խոշոր խմբերի, քանի որ ուշադիր լինելու պարագայում անմիջապես նկատելի են դառնում համապատասխան ԶԼՄ-ների անդրադարձներում տեղ գտած միմյանցից միանգամայնորեն տարբեր շեշտադրումները:
Ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, ելնելով, բնականաբար, որոշակի շահագրգռվածություններից, հայտնվել էր հատկապես այն հարցը, թե ինչ աշխարհաքաղաքական նախընտրություններ ունեն այն կուսակցությունները, որոնք հայտ էին ներկայացրել խորհրդարանական ընտրություններին:
Մասնավորապես՝ ria.ru-ն բավական լայն անդրադարձ էր կատարել քաղաքական ուժերի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմային՝ հստակ նշելով այն արևմտամետ ուժերի անունները, որոնք հանդես են գալիս Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման օգտին ու խրախուսում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը: Gazeta.ru-ն էլ հատուկ անդրադարձել էր Սերժ Թանկյանի հայաստանյան այցին՝ դիտարկելով այն որպես ոչ այնքան ինքնաբուխ քայլ, որքան կոնկրետ նպատակ հետապնդող: Մի խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ներին հուզող թիվ մեկ հարցը Հայաստան-Արևմուտք հարաբերություններն էին, ինչը միանշանակորեն կանխատեսելի էր՝ հաշվի առնելով նույն Արևմուտքի աջակցությունը հայաստանյան ընտրական գործընթացներին: Մնացյալ հարցերում, կարելի է ասել, ռուսական լրատվամիջոցների մեկնաբանություններն ու վարած ռեպորտաժները ստանդարտ տեքստեր էին հիշեցնում ու գրեթե ոչնչով չէին տարբերվում հայաստանյան ԶԼՄ-ների բացարձակ մեծամասնության անդրադարձներից:
Ինչ վերաբերում է արևմտյան ԶԼՄ-ներին, ապա այստեղ պատկերը ևս պակաս հետաքրքրական չէ, ու այն, ինչ-որ իմաստով հակադիր է ռուսական լրատվամիջոցների տրամաբանությանը. դրանց ուշադրությունը հիմնականում սևեռված էր ընտրությունների անցկացման որակին, Հայաստանում դեմոկրատիայի վիճակին ու այն հարցին, թե արդյոք այս ընտրությունները հետընթա՞ց, թե՞ առաջընթաց են դառնալու: Ի տարբերություն ռուսական ԶԼՄ-ների՝ որոշ արևմտյան լրատվամիջոցների սուր աչքից չէին վրիպել այն բազմաթիվ թերություններն ու անթույլատրելի երևույթները, որոնք բնորոշ են եղել ոչ միայն ընտրությունների բուն ընթացքին, այլև քարոզարշավին:
Այս առումով, մասնավորապես, ուշագրավ է ստացվել հատկապես գերմանական հայտնի zeit.de-ի կողմից կատարված անդրադարձը ներհայաստանյան գործընթացներին. ընտրակաշառքի թեման այստեղ կենտրոնական դեր ունի: Zeit.de-ի լրագրողը բավականին հանգամանալից կերպով ներկայացրել է կաշառատվության այն մեխանիզմները, որոնք գործի են դրվել ոչ միայն քվեարկության բուն օրն, այլև դրանից առաջ՝ որպես ընտրություններում հաղթելու հիմնական նախապայման համարելով փողը: ABC News-ն և Fox News-ն էլ շտապել են հանդես գալ յուրատեսակ կանխատեսմամբ, թե՝ եթե ՀՀԿ-ն հաղթի այս ընտրություններում, 2018թ-ին վարչապետ կհռչակվի գործող նախագահը:
Իսկ թե իրականում ինչ ազդեցություն կունենան այլևս անցյալ դարձած պառլամենտական ընտրությունները Հայաստանի ճակատագրի վրա, ցույց կտա ժամանակը՝ թերևս, բայց որ արտաքին խաղացողների հետաքրքրասիրությունն այդ ապագայի հարցում առավել քան վճռորոշ է լինելու, աներկբա է. աշխարհաքաղաքական շահերը առաջնահերթություն են:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ