ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է ամփոփել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ այսպես՝ Ազգային ժողովում կհայտնվի չորս քաղաքական ուժ՝ «Հանրապետական» կուսակցությունը,  «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

 

Ընտրական այս պայքարը տարբերվում էր Հայաստանում անցկացված նախորդ խորհրդարանական ընտրություններից իր նոր`ռեյտինգային ընտրակարգով: Այս համակարգը շատերի մեջ հույս արթնացրեց, որ ևս մեկ հնարավորություն է հայտնվել խորհրդարանում և, այսպես ասած, մարտի նետվեցին հին ու նոր գործիչները, ովքեր հաճախ են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, որոնց առաջ բերած մտքերն ու գաղափարները հաճախ են մեկնաբանվում ու պարզաբանվում:

 

Մի խոսքով` ընտրակարգ, որը չհաղթահարվեց նրանց կողմից, թեպետ մինչ ընտրությունները մեծ էր հասարակական կարծիքը, որ այս գործիչներն անպայման կհայտնվեն խորհրդարանում, նրանցից ոմանց պարագայում, այնուամենայնիվ, խորհրդարանն աշխատող կադր կորցրեց:

 

ԱԺ-ին հրաժեշտ կտա ամենաակտիվ պատգամավորներից՝ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, ով միշտ սիրում էր քննադատության թիրախում վերցնել վարչապետին, ֆինանսների նախարարին և տնտեսական բլոկի մյուս պետական գործիչներին` շատերին նաև նախատում էր, ուսանողական տարիներին լավ չսովորելու համար: Պետք է ընդունել, որ Բագրատյանի ամեն մի ելույթը դասախոսություն էր: Անվճար դասախոսություն:

 

 

«Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանին նույպես չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ շեմը: Այս պատգամավորի ամենամեծ թերությունն այն էր, որ ՕԵԿ խմբակցության անդամ էր: Գուցե այլ միջավայրում նա կկարողանար իր գիտելիքներն ու պատկերացումները ավելի արդյունավետ օգտագործել և ռեյտինգային օդիոզ դեմքերից առաջ անցնել: Բայց ափսոս՝ Մհեր Շահգելդյանը ռեբրենդինգ ապրած «Հայկական վերածնունդ»-ի պատճառով դուրս մնաց քաղաքական խաղից:

 

 

Ազգայն Ժողովում այլևս չենք տեսնի պատգամավորներին հայերեն գրագետ խոսել սովորեցնող ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Շատ չընդլայնելով խոսքը, միայն կարող ենք արձանագրել՝ երկու պատգամավորներն էլ աշխատում էին և իրականացնում պատգամավորական գործառույթներ`մշակել, քննարկել, քվեարկել օրինագծեր, քաղաքական հարցեր բարձրացնել և հայտարարություններ անել:

 

5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաակտիվ արևմտամետ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին նույնպես այս անգամ բախտը չժպտաց. վերջինս քիչ կամ ոչ արդյունավետ աշխատեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգի վրա: 

 

Հասարակական-քաղաքական իրադարձություններին մշտապես հետևող և ֆեյսբուքյան իրադարձային գրառումներով աչքի ընկնող Ստյոպա Սաֆարյանին նուննպես չհաջողվեց հայտնվել 6-րդ գումարման Ազգային ժողվում: Ստյոպա Սաֆարյանն այն գործիչներից է, ում ձեռքը միշտ քաղաքական անցուդարձի զարկերակի վրա է: Նրա աչքից չի վրիպում ոչ մի մանրուք` հատկապես արտաքին քաղաքական սպեկտրում: Բայց՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը չհաջողվեց հաղթահարել նախատեսված տոկոսային շեմը և մտնել խորհրդարան: Պետք է նկատել, որ Ստյոպա Սաֆարյանի ներկայությամբ խորհրդարանն այլ գույներ կստանար:

 

 

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը նույնպես հնարավորություն չստացավ լինել նոր խորհրդարանում. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ձախողման մասին արդեն նկատել ենք:

 

 

Խորհրդարանի ամենաընդդիմադիրի տիտղոսը վայելող  Զարուհի Փոստանջյանը նույնպես զրկվեց խորհրդարանական ամբիոնից իր դժգոհությունները բարձրաձայնելու հնարավորությունից: Ինչքան էլ խորհրդարանական տարիներին քննադատվեց, քննարկվեց, բայց Փոստանջյանն այն պատգամավորներից էր, ում հանրությունը սիրում էր լսել` երևի այն բանի համար, որ ժողովրդի սրտից էր խոսում: Փոստանջյանը թեպետ անգամ չմտավ մրցակցության մեջ, բայց հաստատ` նրա մտքին մի բան կա:

 

 

Ում մոռացանք այս ցուցակում անդրադառնալ, հայցում ենք նրանց ներողամտությունը, գուցե չեն գրավել մեր ուշադրությունը:

Աղավնի Սուքիասյան