ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Շիրակի ընտրատարածքից պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին մարզպետ, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս ասաց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու հետ կապված՝ ինքը որևէ պայմանավորվածություն չունի և տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

 

Ֆելիքս Ցոլակյանը նաև ասաց, որ ինքը մտադրված է լինել խորհրդարանում և պատրաստվում է վերցնել իր մանդատը. «Ցանկություն ունեմ լինել խորհրդարանում»,- նման հակիրճ պատասխան տվեց իր ողջ կյանքում գործադիրում բարձր պաշտոններ զբաղեցրած քաղաքական գործիչը և խնդրանքով դիմեց մեզ.

 

-Մի բան որ ասեմ՝ կգրե՞ք նույնությամբ:


-Իհա՛րկե:


-Թողեք հանգիստ ապրենք, հա՞:


Հետաքրքիր է: Ցոլակյանը դեռևս խորհրդարան չի մտել, բայց արդեն հանգստություն է հայցում: Երևի չի պատկերացնում՝ ինչ է նշանակում Ազգային ժողովում անընդհատ լինել լրագրողների ուշադրության կենտրոնում:

 

Նշենք նաև, որ Ֆելիքս Ցոլակյանը ռեյտինգային ընտրակարգով 11-րդ ընտրատարածքում հավաքել է շուրջ 11.650 վստահության քվե, այսինքն՝ այդքան մարդ ամեն օր հետևելու և պահանջելու իրենից ամենօրյա աշխատանք և պատասխանատվություն:

 

Սոնա Հարությունյան