«Հոգեբուժարաններում անձի իրավունքների ապահովման վիճակն այս տարի հատկապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում, ավելի խստացնելու ենք»,- այսօր այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ՄԻՊ 2016-ի տարեկան հաղորդումը և Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի ընթացքում:

 

Արման Թաթոյանն, անդրադառնալով «Սևան» հոգեբուժարանի հետ կապված խնդիրներին՝ նշեց, որ այցելելով հոգեբուժարան, բացահայտել են մի շարք խնդիրներ. «Այդ մասին գրել ենք առողջապահության նախարարությանը, սակայն այնտեղից ստացել ենք շատ ընդհանրական բնույթի պատասխաններ և շատ հարցերի անդրադարձ չէր կատարվել: Լրացուցիչ գրությամբ ևս դիմել ենք, ստացել ենք նաև հոգեբուժարանի պատասխանը: Պարզվում է, որ հոգեբուժարանի տնօրենը մեր բոլոր հարցերի տակ գրել է՝ իրականությանը չի համապատասխանում, սուտ է, և այլն»:

 

ՄԻՊ-ը՝ դիմելով բոլորին, այդ թվում հոգեբուժական հաստատությանը՝ հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանը երբեք ոչ ստում է, ոչ էլ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում: Գրել ենք՝ վերմակը թաց է, հիվանդների համար անթույլատրելի է, իսկ մեզ գրում են՝ իրականությանը չի համապատասխանում: Մենք ունենք ապացույցներ, որոնք ուղարկելու ենք առողջապահության նախարարություն: Մեզ հետ աշխատելու փոխարեն ասում են՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն եք հրապարակում»,- ասաց նա՝ հավելելով, որ խիստ պահանջելու է, որպեսզի հոգեբուժարանի տնօրենին ենթարկեն պատասխանատվության:

 

Նա շեշտեց՝ եթե ՄԻՊ-ը հրապարակային հայտարարություն է անում, ուրեմն 100 %-ով համապատասխանում է իրականությանը. «Գործադրելու եմ ամենախիստ միջոցները ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ, ով հանկարծ կփորձի մեր դեմ աշխատել, որ իբր թե իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ենք տրամադրել»,- նշեց Արման Թաթոյանը: