Գաղտնիք չէ, որ սովորաբար Հայաստանում քաղաքական ընտրություններն աչքի են ընկնում չափազանց հետաքրքիր առանձնահատկությամբ. թեկնածուները բարիանում են, սկսում «ծաղիկներ շաղ տալ իրենց չորսբոլորն» ու հաճախ ձևացնել, թե իրենց կյանքի միակ նպատակը շարքային քաղաքացիների կյանքը գեղեցկացնելն է: Միգուցե այս պրակտիկան ինչ-որ իմաստով ընդունելի կարելի կլիներ համարել, եթե չլիներ մի խայտառակ օրինաչափություն: Ինչպես հայաստանյան իրականությունն է փաստում, երբ անցնում են ընտրությունները, շատ քաղաքական գործիչներ սկսում են սթափվել ու առնում ճիշտ այն կերպարանքը, որի ներքո հանդես էին գալիս ընտրություններից առաջ. կարճ ասած՝ հեքիաթն ավարտվում է ընտրությունների ավարտի հետ մեկտեղ:


Օրերս Արարատ մարզի Այնթափ գյուղի դպրոցականները բողոքի էին դուրս եկել՝ հայտարարելով, որ գյուղապետն արդեն մի քանի օր է գյուղի ծայրամասերից աշակերտներին դպրոց տանող ավտոբուսը գծից հանել է: Աշակերտներն այս ամենում իրականում մեղադրել են Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանին. ասում են՝ նրա այդ քայլի պատճառը ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում Այնթափում բավարար թվով ձայներ չստանալն է հանդիսացել:


Իհարկե, ասել, թե միայն Մուրադյանն է այսպես հաշվենկատ, մի փոքր լավատեսական կլիներ, սակայն այսպիսի տգեղ երևույթների պակաս մեր իրականությունում առանձնապես չի զգացվում: Լավ է՝ գոնե կան այնպիսի մարդիկ, ովքեր ճիշտ հակառակ մտածելակերպն ունեն ու ժողովրդի համար ինչ-որ բան անելիս ամենևին էլ չեն առաջնորդվում սեփական եսասիրական նկրտումներով, թե չէ ի՞նչ էր լինելու մեր վիճակը:


Այդպիսի մարդկանց թիվը, սակայն, ցավոք, չափազանց սահամանփակ է, ինչի պատճառով է նաև, որ այսօր մենք այս վիճակում ենք հայտվել: Պարզ է, չէ՞, որ մուրադմուրադյանների Հայաստանը չի կարող ծաղկուն ու մարդասիրական արժեքների վրա հինված պետություն լինել. հումանիզմը հակառակ է նմանների էությանը...


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ