Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով՝ նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները վերջնական հաղթանակ են տարել: Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մեծ մասը:
Քվեարկության մասնակցած քաղաքացիների ձայների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.3 տոկոսը, դեմ՝ 48.5:
Սակայն հանրաքվեի արդյունքները չի ընդունում երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը' Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որը պահանջում է քվեների 60 տոկոսի վերահաշվարկ:
Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կասկածի տակ է դնում հանրաքվեի լեգիտիմությունը։ Կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսյունգերն արդեն հայտարարել է, որ իշխանությունները մանիպուլյացիաներով են զբաղվում ձայների հաշվարկի ժամանակ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի մի քանի շրջանների բնակիչները արտասովոր բողոքի ակցիա են անցկացրել հանրաքվեի արդյունքների դեմ, որոնց շնորհիվ նախագահ Էրդողանը ստացել է աննախադեպ լիազորություններ։ Մարդիկ, իրենց տների պատուհաններից դուրս հանած կաթսաներն ու թավաները, հարվածում են դրանց։