Խորհրդարանական ընտրությունները նոր-նոր է ավարտվել և դեռ ԱԺ կազմը կարգին չորոշված՝ քաղաքական դաշտ՝ նոր ինտրիգ է մտնում: Այս անգամ էլ օրակարգում քաղաքային իշխանության բաժանումն է:

Մայիսին երևանցիները կընտրեն քաղաքային իշխանություն: Մամուլում այսօր հրապարակում եղավ այն մասին, որ ԱԺ պատգամավոր ընտրված և ՀՀԿ-ի համար 42 հազար ձայն ապահոված Սամվել Ալեքսանյանը ցանկանում է իր «մարդուն» նշանակել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

Մամուլն արձանագրել է, որ մինչ օրս Սամվել Ալեքսանյանի ենթակայության տակ է եղել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը: Ալեքսանյանը, սակայն, միայն Մալաթիայով բավարարվել չի ցանկանում, և դա բնական է: Շենգավիթ վարչական շրջանում նույնպես Ալեքսանյանը տարավ հզոր հաղթանակ և պետք է շարունակի ազդեցություն ունենալ նաև այդ վարչական շրջանի նկատմամբ:

Երևանի ավագանու ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո, կամ ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելուց հետո Շենգավիթ վարչական շրջանը կունենա նոր ղեկավար:

Անձամբ Ալեքսանյանը 3 թեկնածուների մեջ պետք է ընտրություն կատարի: «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ այդ երեք թեկնածուներն են Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը՝ հայտնի «կադիլակ Սերոժ» մականունով, «Բելաջոյի Գրիշի» զարմիկը և, ամենայն հավանականությամբ, ֆավորիտը՝ ՀՀ ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի խորհրդական Գևորգ Ստեփանյանը:

Հիշենք, որ Սերգեյ Հովհաննիսյանը, կամ նույն ինքը՝ «Կադիլակ Սերոժը» արդեն հասցրել է մեկ անգամ պաշտոնավարել: Իսկ թե ինչով է աչքի ընկել վերջինս պաշտոնավարման շրջանում, անհայտ է մեկ պարզ պատճառով. լինելով վարչական շրջանի ղեկավար, նա ոչինչ էլ չի արել Շենգավիթի կամ շենգավիթցիների համար: Ի դեպ, նկատենք՝ Սերգեյ Հովհաննիսյանը լարված հարաբերություններ է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, և նրա՝ 2011 թվականին տեղի ունեցած պաշտոնանկությունը հենց Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալու հետևանքն էր:

Անցնենք մյուս թեկնածուին: Մամուլը գրել է, որ Սամվել Ալեքսանյանի համար ֆավորիտ է համարվում նաև գործարար Գրիգորի Մարգարյանի՝ «Բելաջոյի Գրիշի» զարմիկը: Անհայտ մեկը, որի անունն անգամ չի հրապարակվում: Ո՛չ լսել ենք, ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ գիտենք՝ ինչ ունակություններ ունի:

3-րդ՝ ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խորհրդական Գևորգ Ստեփանյանն է: Գևորգ Ստեփանյանը համարվում է ոսկե միջինը, քանի որ և՛ խելացի է, և՛ երիտասարդ, ինչպես նաև ընդունելի կերպար է հասարակության մեջ:

Գևորգ Ստեփանյանը, երկար տարիներ լինելով ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի խորհրդականը, նրանից ընդօրինակել է սարոյանական կոլորիտն ու անմիջականությունը, մարդկանց հետ շփումներում պահպանում է ժողովրդական մոտեցումներ. հավասարը՝ հավասարին:

Հենց իր անմիջականության և ժողովրդի կողմից սիրված լինելու արդյունքում էլ կարողացել է բավականին ձայներ ապահովել Սամվել Ալեքսանյանի համար: Չնայած դեռ մեկ ամիս  ժամանակ կա, մինչ կձևավորվի Երևանի ավագանու կազմն ու նոր քաղաքային իշխանությունը, բայց արդեն իսկ մի քանի պաշտոնների հարցում հստակություն է մտցվում:

 

Արսեն Սանամյան