Պաշտպանության նախարարությունը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը, որը նվիրված է ռազմակրթական ոլորտի խնդիրներին: Համաժողովին մասնակցելու համար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են ժամանել հազարավոր զինվորականներ և հյուրեր՝ Հայաստանի բոլոր մարզերից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Դիմելով ներկաներին՝ Հանրապետության ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ շեշտելով, որ Ազգ-բանակ խորագիրը կրող այս համաժողովը յուրօրինակ դաստիարակության մեթոդ է. «Ես ուրախ եմ համաժողովի շրջանակներում ողջունել բոլոր ներկաներին և մասնակիցներին: Առհասարակ՝ հանրային կառավարման բոլոր բնագավառների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր ոլորտներում մեզ համալիր մոտեցումներ են անհրաժեշտ: Համալիր մոտեցում է անհրաժեշտ նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում և ասվածի ամենալավ օրինակը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած Ազգ-բանակ գաղափարն է»:


Բացման խոսքով հանդես եկավ նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ հատուկ շեշտելով կրթական համակարգում ռազմահայրենաասիրական դաստիարակության անհրաժեշտությունը՝ դա համարելով կրթական համակարգում անհրաժեշտություն. «Պետք է այնպես անենք, որ յուրաքանչուր դպրոցում լինեն տասնյակ երեխաներ, ովքեր կցանկանան ռազմական գիծն առաջ տանել և դրա համար պետք է նաև ակտիվ աշխատանքներ տանենք դպրոցներում ռազմագիտության ուսուցիչների հետ: Ռազմական կրթությունը դպրոցում պետք է ավելի բարձր մակարդակի վրա դնել, քանի որ այն ռազմահայրենասիրության բաղկացուցիչն է»:


Նշենք, որ հանրակրթական դպրոցներում աշակերտների համար սահմանված են հագեցած մրցութային ծրագրեր, սահմանված են հատուկ մրցանակներ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորների հետ:

 

Աղավնի Սուքիասյան